Հայկական լոլիկի ու վարունգի նկատմամբ սահմանափակում չկա. խոսքը մի խմբաքանակի մասին է. ՍԱՊԾ
ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արեւմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:
Ինչպես հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ՍԱՊԾ-ն աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները:
Հայտնվում է, որ ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու եւ դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ:
«Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին եւ խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին: Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որեւէ սահմանափակում չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: