VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները երեկ Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում. անհրաժեշտ 35 պատգամավորի փոխարեն հավաքվել է 41-ի ստորագրություն: Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն հայտարարել է, թե ոչ միայն չի խանգարի, այլեւ քվեարկությամբ կօգնի ԱԺ 1/3-ի նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուին ընտրվել պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՀՀԿ քաղաքական մասն, այնուամենայնիվ, դեմ է քվեարկելու Ն. Փաշինյանին: Սակայն ՀՀԿ խմբակցությունից կողմ ձայներն ապահովելու են: Կողմ են քվեարկելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում նույնիսկ խոստովանել է, թե անգամ մայիսի 1-ին էր ցանկանում կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն փաստորեն զոհ է գնացել խմբակցության որոշմանը: Փաշինյանին կողմ կքվեարկեն նաեւ գեներալները, օրինակ՝ Սեյրան Սարոյանը, առաջին փուլում, հիշեցնենք, հակառակ ՀՀԿ որոշման` Փաշինյանին կողմ քվեարկեց նաեւ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը: Փաշինյանի օգտին քվեարկել են պատրաստվում նաեւ մի քանի գործարարներ, որոնք մայիսի 1-ին եւս մտադրվել էին այդպես վարվել, սակայն վերջին պահին նրանց ստիպել են հրաժարվել այդ մտադրությունից»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ եւ վերլուծել, թե ովքեր են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին եւ ապահովելու նրա ընտրվելու համար անհրաժեշտ 53 ձայնը: ՀՀԿ-ում կհոգան, որ կողմ քվեարկողների թիվը հասնի մոտ 10-ի: Իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, եւ միայն այդ օրը պարզ կլինեն ներկաներն ու քվեարկողները, չէ՞ որ անակնկալներ միշտ կարող են լինել: Ի վերջո, դեռեւս իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ի բնույթը բոլորին է հայտնի. նրանք դեռ ատամներով կառչած են աթոռներից ու կրկին կփորձեն տորպեդահարել քաղաքական գործընթացները»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի ժամանակավոր կառավարության ձևավորմանը: Թեև դաշինքը ամենասկզբից միացել է համաժողովրդական պայքարին և արդեն երկու անգամ է սատարում Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու հարցում, սակայն դաշինքը նպատակահարմար չի գտնում այս փուլում քաղաքական պատասխանատվություն ստանձնել ժամանակավոր կառավարության գործունեության համար: Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքը կմնա ընդդիմություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ընդդիմադիր ուժ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի ՀՀԿ-ականներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում քվեարկել Փաշինյանի օգտին: Թե քանիսը կողմ, իսկ քանիսը դեմ կքվեարկեն, հայտնի չէ, բայց մի բան պարզ է, որ այսպիսի խորհրդարանը չի կարող արդյունավետ աշխատել, և վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի իր «ճանապարհային քարտեզի» հաջորդ կետը՝ լուծարի խորհրդարանը և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ Հայաստան ժամանած ռուսական էմիսարները, որոնք եկել էին անձամբ դիտելու հեղափոխության ընթացքը և պահելու վերահսկողության ներքո, նախօրեին վերադարձել են Մոսկվա։ Զատուլինը չի մեկնել, ոտքը մի քիչ կախ է գցել, հանդիպումներ է ունեցել բոլոր մակարդակներում, այդ թվում և՝ ուժային կառույցների, բանակի ղեկավարության հետ, հասկացել, որ «ֆորպոստում» ով էլ գա իշխանության, «անկանոն շարժումներ» չի անի Ռուսաստանի նկատմամբ։ Ապա «հանգիստ խղճով» մեկնել է Մոսկվա։ Օրերս Մոսկվա է մեկնել նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որը նույնպես ողջ ընթացքում ակտիվ մասնակցում էր գործընթացին: Ըստ չար լեզուների` նա փորձել է իր սանիկ և սանահեր Արգամին Աբրահամյանին ու Հովիկ Աբրահամյանին համոզել, որ Արգամն ու Կարինե Պողոսյանը դեմ քվեարկեն Նիկոլի թեկնածությանը, Հովիկ Արգամիչն ասել է` Գագոն կնեղանա: Իսկ երբ Սերժին կողմ էին քվեարկում, Գագոն չէ՞ր նեղանում, ըստ պատմողների, հարցրել է ֆորբսահայ մեծահարուստը: Բայց պատգամավորները դիրքերը չեն զիջել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցին՝ եթե պետք է կողմ քվեարկեիք Նիկոլի թեկնածությանը, էլ մայիսի 1-ին ինչո՞ւ «բլիժնի բոյ» մտաք նրա հետ, էլ չենք ասում` Ցոլակյանին «առնետ» անվանեցիք (ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այդպես` բառացի էլ ասել էր` «ֆրակցիայում մեկ «առնետ» կա, և դա Ֆելիքսն է), 2 պատգամավոր վայր դրեցին մանդատները՝ դիմեցինք ՀՀԿ մեր աղբյուրին։ «Բացի նրանից, որ մենք պարտավոր էինք արժանապատիվ նահանջել, խնդիր ունեինք նաև Ռուսաստանին մեր քվեարկությամբ ասելու, որ Նիկոլի հետ մենք կապ չունենք, Նիկոլին մենք չենք բերում, և որ Նիկոլի թիկունքում աշխատող «բաք-օֆիսը» մեզ հետ ոչ մի կապ չունի»: Նման «կասկածներ» ունե՞ր Ռուսաստանը. կարծես այնտեղ ևս դեմ չէին Նիկոլի թեկնածությանը, նրա հետ աշխատելուն: «Ուներ, և մենք ապացուցեցինք, որ սա մեր խաղը չէ, և մեր բոլոր քայլերը բխել են երկրի, պետականության կայունության մտահոգությունից, գումարած` եթե մենք մեր ձայնն այդ օրը տայինք Նիկոլին, Նիկոլը պարտք չէր մնա Գագիկ Ծառուկյանին, այսօր ինքը պարտք է մնում Ծառուկյանին, տեսնենք ոնց կհատուցի»: Ուզում եք ասել, որ ինչ-որ բա՞ն է սպասվում, այլապես Ռուսաստանն ինչո՞ւ էր մտահոգվում, ու Սերժ Սարգսյանն այդքան հեշտ հրաժարական էր տալիս։ «Դավադրության որևէ տեսություն չկա. մենք քաղաքակիրթ՝ իշխանությունը փոխանցեցինք Նիկոլին, ինքը թող մտածի, թե ինչ է անում»: Ոչ մի խոչընդո՞տ մայիսի 8-ին նրա ընտրությանը։ «Ո՛չ մի»»: