Յոթ օր հետո ևս ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. Զոհրաբյան
Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ յոթ օր հետո ևս ՀՀԿ-ն ԱԺ-ում դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Իրենք կարծում են, որ չարյաց նվազագույնի տարբերակն են ընտրել իրենց համար` արտահերթ ընտրություններ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ երկրորդ անգամ վարչապետ չընտրվելու դեպքում, ըստ Սահմանադրության, ԱԺ-ն լուծարվելու է և ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:
«ՀՀԿ-ն մեկ նպատակ ունի՝ ընտրությունների գնալ եղած Ընտրական օրենսգրքով: Բայց հաջորդ ԱԺ ընտրություններին Հանրապետականն այլևս չի գնա ՀՀԿ անվան տակ, քանի որ Հանրապետական կուսակցություն այլևս գոյություն չունի և ցանկացած քայլ, այս կամ այն կերպ երկարաձգելու սեփական գոյությունը, դատապարտված է վերջնական ձախողման: Նույնսիկ եթե այսօր բոլոր լծակները տոտալ կերպով լինեն Հանրապետականի ձեռքում, միևնույն է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են այդ կուսակցության վերջնական վախճանը: Ինչ անունով էլ նրանք գնան այդ ընտրությունների», - շեշտեց պատգամավորը:
Նա նաև հավաստիացրեց, որ «Ծառուկյան» խմբակցության անդամները ինչպես այս օրերին եղել, այդպես էլ շարունակելու են լինել համաժողովրդական շարժման կողքին:
Նշենք, որ Ազգային Ժողովի հերթական նիստն այսօր տապալվեց: Առավոտյան ընդամենը 29 պատգամավոր է ներկայացել, քվորում չի ապահովվել:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ երկրում ստեղծվել է աննախադեպ վիճակ և իրենք բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանը: