Անհնազանդության գործողությունները կդադարեցվեն. Փաշինյանը պատրաստվում է հանդիպումների
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարեցնել անհնազանդության գործողություններն այսօր ողջ օրվա ընթացքում:
Հանրապետության հրապարակում ելույթի վերջում նա նշեց, որ այսօր առավոտից շատ կարևոր աշխատանք ունի կատարելու Ազգային ժողովում` հանդիպումներ են նախատեսված խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ.
«Այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում պետք է կարողանամ տեղեկատվություն տամ, որ ձեր առաջադրած վարչապետի թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին երաշխավորված է»,- հայտարարեց նա:
Ըստ այդմ, Փաշինյանն ասաց, որ իր համար դժվար կլինի հանգիստ աշխատել գրասենյակային պայմաններում, երբ գիտի, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են ընթանում և խնդրեց դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Իսկ ահա ժամը 17:00-ից ինքը կլինի Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից քայլերթով կշարժվեն Հանրապետության հրապարակ և այս օրերին ավանդական դարձած հանրահավաքում նա կհայտարարի հաջորդ օրվա իրենց անելիքները:
«Մայիսի 1-ին առավոտյան ժամը 8-ից, բոլոր մարզերից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Բայց այդ օրը ինչպե՞ս կանցկացնենք կամ որտե՞ղ` կախված է այդ առավոտը ստեղծված քաղաքական իրավիճակից»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: