24.11.2024
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ժամանակավոր կառավարությունը ղեկավարի Փաշինյանը. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղերձով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և ՀՀԿ պատգամավորներին:

Ուղերձում ասված է.

«Մեր երկրում դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը, և որին կհաջորդեն քաղաքական համապատասխան ընթացակարգերը:

Ինչի՞ց եք վախենում. եթե դուք, ինչպես ասում եք, ժողովրդի ընտրյալն եք և մեծամասնություն, ապա լսե’ք նրա ձայնը, կանգնե’ք նրա կողքին և ապագա նոր խորհրդարանական ընտրություններում վերահաստատեք այն:

Եթե երկրի քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանը, իր գաղափարակիցների հետ կարողացել է համախմբել բոլորին, ապա իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները:

Հրապարակներում համախմբված ժողովուրդը խառնամբոխ չէ’, այլ համակարգված մի կուռ բանա’կ, որը ինչպես այսօր, այնպես էլ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգի ցանկացած պահին պատրա’ստ է կանգնելու առաջնագծում:
Երկրի համար օրհասական պահին կատարե’ք Ձեր քայլը:

Իմ անունից կարող եմ ասել այսքանը:

Ես այն առաջին անգամ արել եմ 1988 թ.-ին, երբ լինելով խորհրդային բանակի սպա, վտանգի պահին կանգնեցի արցախահայության կողքին՝ հանուն մեր ազգային արժանապատվության և Արցախի պաշտպանության:
Երկրորդն արել եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ բարձրաձայնելով խնդիրները և կանխատեսելով այս օրը:

Խոսքս ուզում եմ ավարտել Մեծն Կոմիտասի խոսքերով. «Ժողովո’ւրդն է ամենամեծ ստեղծագործողը. գնացե’ք և սովորե’ք նրանից»:

Ապավինում եմ ողջ ՀՀԿ-ի անձնակազմի ողջախոհությանը, որոնցից շատերի հետ միասին Անկախության տարիներից ի վեր երկար ճանապարհ ենք անցել: Կանգնե’ք ժողովրդի կողքին: Մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է»,- ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի: Քիչ անց պետք է հայտարարությամբ հանդես գա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ կանխատեսումների` նրան կառաջադրեն վարչապետի թեկնածու: