Ի՞նչ ՀՀԿ, ես ԵԿՄ-ի նախագահ եմ, հերոս եմ. Մանվել Սարգսյանը հրաժարվեց Սերժ Սագսյանից
24.04.2018
Հայաստանում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «ժողովրդական թավշյա հեղափոխության» մեկնարկից ու Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց 24 ժամ է անցել, սակայն մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաներ սկսել են ակնհայտորեն գովաբանել Փաշինյանին՝ փորձելով հարմարվել նոր պայմաններին:
Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, որ դեռեւս մի քանի տարի առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կոնֆլիկտի ժամանակ ասում էր «մեխն էլ, չագուչն էլ, նալն էլ» նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքում են, այժմ արդեն իրեն դուրս է դնում վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սարգսյանի թիմից:
Լրագրողի հարցին՝ դուք Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի անդամ եք եւ ինչպես կմեկնաբանեք այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 23-ին Մանվել Գրիգորյանը ասել է. «Ես երկրապահի նախագահն եմ, եթե չգիտես ծանոթանանք: Ինչի՞ ես տենց բաներ ասում: Ես հերոս եմ, գեներալ եմ … Համենայնդեպս, ժողովրդի կամքն էր, ժողովուրդը ոնց որոշի, նենց էլ պտի անեն: Նիկոլն առաջարակել է բանակցություններ, կգանան բանակցությունների եւ ոնց որոշեն, այդպես կլինի»:
Խոսել է նաեւ Սերժ Սարգսյանից, բայց արդեն անցյալով ու դիմելով անունով «Սերժ»: «Սաղս պիտի Սերժին ողջունենք, նա էնքան խելացի մարդ էր, հարգող ժողովրդին, երկիրը, պետությունը, Արցախը, խոսքի կարող էր փորձեր ուժ կիրառել, տեսաք՝ ինչ խելամիտ որոշում ընդունեց, ասեց ժողովրդի վլաստն է, հետ տվեց իրան», - նշել է նա:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեցին՝ իր համար սպասելի՞ էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։ «Ճիշտն ասած՝ ես շատ փորձառու մարդ չեմ քաղաքականության մեջ, բայց ինչ-որ ստացվեց՝ շատ գեղեցիկ ստացվեց»,- ի պատասխան՝ ասաց նա ու հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները երկրի հեղինակության վրա դրական կազդեն: «Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը համոզվեց, որ վճռական հարցերում մենք միասնական ենք»,- ասաց նա: Հարցին, թե տեղի ունեցածն ի՞նչ ազդեցություն կունենա աշխարհում Հայաստանի հեղինակության վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Իմ գնահատմամբ` միայն դրական կազդի»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին:
Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: Այժմ ընդդիմությունն ու իշխանությունը բանակցելու են իշխանության անցնցում փոխանցման շուրջ: Մինչ Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայցնելը ողջ պետական համակարգը ՀՀ_ում ընթացող հակակառավարական հանարահավաքային ակտիվությունը բացասական էին գնահատում: