Ապաքաղաքական երթը մեկնարկեց. երեկոյան Նիկոլ Փաշինյանը ասուլիս կտա
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Հիշեցնենք, այսօր քաղաքական, բողոքի ցույցեր նախատեսված չեն:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ երեկոյան ժամը 20.00-ին հանդես կգա մամուլի ասուլիսով:
Ավելի վաղ ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջնորդը հայտարարել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում պետք է նոր վարչապետ ընտրվի ԱԺ կողմից և պնդում, որ դա պետք է լինի ժողովրդի թեկնածուն: Բացի այս, նա չի հրաժարվել արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջից, բայց նշում է, որ Ընտրական օրենսգրքում հրատապ փոփոխոթւյուններից հետո միայն հնարավոր է անցկացնել դրանք: Նա նաև կարծիք էր հայտնել, որ ընտրություններին Հանրապետական կուսակցությունը չպետք է մասնակցի:
Հիշեցնենք, վաղը ժամը 11.00-ին Մարիոթ հյուրանոցում մեկնարկելու են բանակցությունները իր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև: Ըստ Փաշինյանի՝ նախօրիեն կատարվածը հաղթանակի առաջին փուլն է միայն:
Իր Facebook-յան էջում այսօր հրապարակված ուղերձում նա նաև ասել էր, որ բանակցությունները պետք է վերաբերեն իշխանության անցնցում փոխանցմանը։
«Այսօր արդեն մենք առիթը կօգտագործենք և որոշակի քաղաքական քննարկումներ կունենանք, որպեսզի հստակ արձանագրենք, թե ինչ փուլում ենք գտնվում և ինչ կոնկրետ քայլերով պետք է երաշխավորենք ժողովրդի հաղթանակի դե յուրե արձանագրումը», - ասել էր Փաշինյանը։