24.11.2024
Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանն ու Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեցին
prev Նախորդ նորություն

Ապրիլի 24, Եղեռնի 103-րդ տարելից. աշխարհը դանդաղ է հրաժարվում լռությունից

Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:


Ըստ տարբեր աղբյուրների, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կազմակերպված ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին: Այն սկիզբ է առել 1892 թ-ին եւ ավարտին հասցվել 1923 թվականին Համիդյան Թուրքիայում, այնուհետև սուլթանի գահնկեցությունից հետո երիտթուրքերի կառավարությունը զանգվածային տեղահանության է ենթարկել և բնաջնջել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Հենց 1915 թ-ի ապրիլի 24-ին գլխատվել է մտավորականությունը: Այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, որոնց թվում՝ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և այլք:


Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ երկիրը պարտություն էր կրում ռազմաճակատներում, կայսրությունը քանդվում, իսկ դրան զուգահեռ պետության ներսում գլուխ էր բարձրացնում ազգայնականությունը, Թուրքիայի իշխանությունները գտան հարմար թիրախ եւ քավության նոխազ: Նրանք բոլոր դժբախտությունների մեջ մեղադրեցին հայերին՝ որպես պատրվակ օգտագործելով Ցարական Ռուսաստանի նկատմամբ նրանց համակրանքը եւ ամբողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարեցին։


1915-1923 թթ․ իրադարձությունները բազմաթիվ պատմաբանների կողմից գնահատվում են որպես պետության կողմից աջակցված զանգվածային կոտորած՝ ցեղասպանություն։ Թե Հայաստանը, թե ամբողջ առաջադեմ մարդկությունը տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն, որը խլել է ավելի քան 1․5 մլն մարդու կյանք։ Դա անցած դարի սկզբի դրությամբ բոլոր հայերի կեսն էր։


Վիճակագրական տվյալների համաձայն` Արեւմտյան Հայաստանում կոտորվել 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։ 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:


Ըստ պատմաբանների, Հայոց Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը: Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք ոճրագործներին դեռևս 1919–1921 թթ. դատապարտել են հենց օսմանյան դատարանները՝ նրանց մեղավոր ճանաչելով հայերի տեղահանության ու կոտորածների մեջ: Այդպիսով առաջինը հենց օսմանյան իրավական համակարգն է անդրադարձել և գնահատական տվել Հայոց ցեղասպանության փաստին:


Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ 25 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45-ից ավելի նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն: Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը:


Ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ, միցոցառումնեւ ու ակցիաներ են անցկացվում: 


Միեւնույն ժամանակ հիմնական միջոցառումը կանցնի Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե՛ զոհվածների կորստի վիշտը, թե՛ ազգի վերածնունդը։ Անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցեն նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, պատգամավորները, կառավարության անդամները, դիվանագիտական կորպուսի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր։