Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով, որ հավաքի կազմակերպիչների կողմից տրված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հրապարակային մեկնաբանությունները աղավաղված են ներկայացնում օրենսդրական կարգավորումները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ
1. Եթե անգամ հավաքը իրականացվում է առանց իրազեկման, սակայն այն խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել այդ հավաքին, սակայն դա չի նշանակում, որ այդ հավաքի մասնակիցները և կազմակերպիչներն ազատվում են օրենքով սահմանված պատասխանատվությունից:
2. Անկախ նրանից, թե հավաքն իրականացվում է իրազեկմամբ, կամ առանց իրազեկման, ինչպես նաև անկախ հավաքի խաղաղ բնույթից, եթե հավաքի անցկացումը անհամաչափ սահմանափակում է այլ անձանց հիմնական իրավունքները կամ հանրության շահերը (օրինակ` ճանապարհների տևական արգելափակումը, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքի ու ելքի սահմանափակումը, ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի շինություններին հարող տարածքներում անձանց հանգիստը խանգարող աղմուկը, հավաքի անցկացումը Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից այնպիսի հեռավորության վրա, որ սպառնում է դրանց բնականոն գործունեությանը և այլն) ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը։
Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն: