Լավրով. ԱՄՆ-ն փորձում է մեկուսացնել Եփրատի արևելյան ափի շրջանները Սիրիայի տարածքից
ԱՄՆ-ն փորձում է մեկուսացնել Եփրատի արևելյան ափի շրջանները Սիրիայի տարածքից՝ այնտեղ ստեղծելով ռազմական օբյեկտներ ու իշխանության մարմիններ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեզ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ, հակառակ բազմաթիվ հավաստիացումներին, որ ԱՄՆ միակ նպատակը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարն է, վերջին ամիսներին ԱՄՆ-ն բավականին լրջորեն սկսել է հիմնավորվել Եփրատի արևելյան ափին՝ սիրիական տարածքի զգալի մասում, մինչև Իրաքի սահմանը»,-հայտարարել է Լավրովը Բանգլադեշի իր պաշտոնակից Աբդուլ Հասան Մահմուդ Ալիի հետ համատեղ ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հիմնավորվում է Սիրիայում ոչ միայն ռազմական օբյեկտներ ստեղծելով, այլ ձևավորվելով նաև իշխանության մարմիններ, որոնք լոյալ են ԱՄՆ հանդեպ, հաշվետու են և ֆինանսավորվելու են այդ երկրի կողմից: «Եվ այս ամենն այդ շրջանները Սիրիայի մյուս տարածքից մեկուսացնելու համատեքստում»,-ասել է նա:
«Մեզ վստահեցնում էին, որ նման պլաններ չկան, որ ԱՄՆ-ն չի ձգտում տրոհել Սիրիան, սակայն վստահեցումները համոզիչ չեն»,- ասել է Լավրովը: