ՆԱՏՕ-ն Վրաստանին չի ընդունի տարածքային ամբողջականության չլուծված կոնֆլիկտով, իսկ Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունների կազմակերպումը ծաղրում և սադրում է Ռուսաստանի Դաշնությանը: Այս կարծիքին է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
ՌԻԱ նովոստի-ի հետ զրույցում Բուրջանաձեն վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն երբեք իր կազմ չի ընդունի մի երկրի, որի տարածքում չլուծված հակամարտություն կա. սա պարզից պարզ է, սա հասկանում են բոլորը: Վրաստանի համար վնասակար է խոսել անդամությունից, միայն նրա համար, որ ՆԱՏՕ-ի հետ անդամություն նշանակում է հրաժարվել Աբխազիայից և Հարավային Օսիայից: Քաղաքական գործիչն ասել է, որ ՆԱՏՕ-ի մյուս միջազգային կառույցների հետ համագործակցությունը պետք է ի նպաստ երկրի լինի, ոչ թե հնարավորություն տրվի նրանց՝ Վրաստանն օգտագործել Ռուսաստանին ծաղրելու և սադրելու համար.
«Կարելի է տարաբնույթ զորավարժություններ կազմակերպել վրացական բանակը մարզելու համար: Սակայն երբ դու բերում ես ամերիկյան հրետանին ամերիկյան դրոշով կենտրոնական մագիստրալի վրա, ուր 500 մետր այն կողմ ռուսական տանկերն են, սա արդյո˚ք խելամիտ է: Երբ դու անկախության օրվա շքերթ ես սկսում ամերիկյան նվագախմբով, ամերիկյան երաժշտությամբ, սա անկախության ցուցանի˚շ է, թե ցույց ես տալիս, որ դու քեզ համարում ես Ամերիկայի ինչ-որ մի նահանգ»,- նշել է Բուրջանաձեն:
Հատկանշական է, որ ավելի վաղ Վրաստանի մտավորականության ներկայացուցիչները հանդես էին եկել հատուկ հայտարարությամբ եւ քննադատել պաշտոնական Թբիլիսիի «արեւմտամետ» քաղաքականությունը:
«Արեւմտամետ քաղաքականությունն ու վրացիների ձգտումն անդամանկցել ՆԱՏՕ-ին բարդացրել են Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ հենց դա հանգացրեց Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, երկրում սոցիալ-տնտեսական խորը խնդիրների, խանգարեց պետության զարգացումը: Արդյունքում հասարակությունն աղքատացավ, իսկ երկրի բնակչությունն արտագաղթի պատճառով 5,5 մլն-ից նվազեց 4 մլն-ից էլ ցածր», - ասված էր նրանց հայտարարության մեջ:
Հայտարարության տակ ստորագրել են Վրաստանի մտավորականության այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ռեժիսորներ Ռոբերտ Ստուրուան եւ Քեթի Դոլիձեն, դերասաններ Գոգի Քավթարաձեն եւ Գոգի Խարաբաձեն եւ այլոք: Նրանք ՆԱՏՕ-ին քննադատող բովանդակությամբ նամակ են հղել Վրաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին եւ միջազգային կառույցների ներկայացուցչություններին:
Նախկինում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քանիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ: