Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է «Թուրան»-ը՝ հղում անելով պաշտոնական հաղորդագրությունը:
Նշվում է, որ «Կարամպետյանը 2014-2018 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցրել»:
«2018 թվականի փետրվարին Կարամպետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի և կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և նրա նկատմամբ հայտարարվել է Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում», - ըստ ադրբեջանական գործակալության՝ ասվում է դատախազության հաղորդագրությունում:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը «Ազատության» հարցին ի պատասխան էժանագին և անհիմն լուրեր որակեց ադրբեջանական լրատվամիջոցների տվյալ հաղորդումը՝ պնդելով, որ դրանց տարածումը Հայաստանում ադրբեջանական իշխանության նպատակն է: Գրասենյակից խոստացան Կասպար Կարամպետյանի մեկնաբանությունը տրամադրել ավելի ուշ:
Նշենք, որ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, մասնավորապես, վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ են այցելում եվրոպացի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, նրանցից շատերը հայտնվել են Ադրբեջանի հայտնի «սև ցուցակում»:
Նշենք, որ Ինտերպոլի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն Կասպար Կարամպետյանի մասով գոյություն չունի:
Ըստ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի, կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասսայական բնույթ կրող գործերին և հարցերին, քանի որ խնդիրը շատ զգայուն է եւ սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:
Ավելի վաղ, եղել են դեպքեր, երբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ Արցախ այցելելու համար այս կամ այն գործիչին միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Օրինակ՝ 2017 թ-ի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Արցախ այցելելու համար Ինտելպոլի գծով միջազգային հետախոզում է հայտարարել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոհարուսի եւ Յարոմիր Շտետինաին, ինչն իրականում ապատեղեկատվություն էր:
Այն հերքերց ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ վկայակոչելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվությունը, համաձայն որի Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը եւ Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում եւ միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում: