25.11.2024
«Պոբեդա» լոուքոսթերը կիրականացնի Ռոստով–Գյումրի չվերթը
prev Նախորդ նորություն

Պատգամավորները դեմ են նախագահի մեկուսացմանը. ԱԺ-ն քննարկում է Անվտանգության խորհրդի հարցը

Ազգային Ժողովում մեկնարկել է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկումը:


Ինչպես ավելի վաղ VERELQգրել էր, հիմնական փոփոխությունն այն է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, մինչդեռ ներկայումս գործող Անվտանգության խորհուրդը նախագահին կից խորհրդատվական մարմին է: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: 2005 թվականի փոփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն: Իսկ ահա 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաև հանրապետության նախագահի ինստիտուտը:


ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը իր խոսքում նշեց, որ նոր կարգավորումներով, թեեւ կառույցի անունը մնացել է նույնը, սակայն այն հիմա բոլորովին այլ մարմին է՝ պետական կառավարման մարմին: Եվ հենց դրանով է պայմանավորված, բացատրեց նա, որ այսօր Անվտանգության խորհրդի անդամ կարող են լինել ոչ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, նաև այլ անձինք, որոնք պաշտոն չունեն:


Թովմասյանի խոսքով, Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության մարմին է և նախագահի բացակայությունը դրա կազմում պայմանավորված է հենց այդ հանգամանքով.


«Գործադիր իշխանությանն է վերապահված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը: Սրանով է պայմանավորված այն կազմը, որը սահմանված է օրենքով»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի անդամ այսուհետ չեն կարող լինել ՀՀ նախագահն ու Ազգային Ժողովի նախագահը: Փոխարենը կազմում են լինելու առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:


Այն, որ երկրի ղեկավարը այլևս չի լինելու Անվտանգության խորհրդի կազմում, մտահոգում է ընդդիմությանը: Իր ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հորդորեց չմոռանալ, որ մենք  պատերազմող երկիր ենք, և եթե վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է ու, հնարավոր է, վարչապետը պատերազմի դաշտում զոհվի, ապա ո՞վ է այդ խնդիրները բերելու քննարկելու:


«Ձեր նշած առաջին փոխվարչապե՞տը, որը գուցե, գյուղատնտեսության մասնագետ է: ԱԺ նախագահը գերկարեւոր քաղաքական պաշտոն է: ԱԺ նախագահը, եթե կուզեք իմանալ, ավելի լեգիտիմ մարմին է, քան վարչապետը, որովհետև նա ժողովրդի քվեն ստացել է, հետո նոր այստեղից քվե է տվել վարչապետին»,- հայտարարեց Արամ Զարգսյանը:


Ընդդիմադիր պատգամավորը սխալ է համարում երկրի նոր նախագահին զրկել Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելուց, անգամ եթե այսուհետ խորհուրդը գործադիր մարմին է: «Բա էլ ինչի՞ ենք բերել էդ մարդուն, էդ մարդուն բերել ենք, որ եթե պարալիզացված է վարչապետի ու ԱԺ նախագահի աշխատանքը՝  նա տեսակետ ասի: Խորհրդարանը պետք է ներկայացված լինի Անվտանգության խորհրդում, նաև նախագահը պետք է այնտեղ լինի, ավելին՝ անգամ պետք է յուրաքանչյուր խմբակցությունից դրա կազմում ներկայացուցիչ լինի»,- շեշտեց նա:


Իր գործընկերոջ դժգոհությունը շարունակեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ  առաջին փոխվարչապետի պաշտոն Սահմանադրությունը չի նախատեսում, մինչդեռ այս օրենքով նման պաշտոն է սահմանվում: Ավելին՝ առաջին փոխվարչապետը հնարավորություն է ստանում լինել Անվտանգության խորհրդի կազմում: Ըստ Մարությանի՝ սա հակասահմանադրական է: 


Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը փորձեց բացատրել՝  Սահմանադրության որևէ խախտում չկա, պարզապես այս կերպ առանձնացվում են փոխվարչապետի լիազորությունների շրջանակները: Այսինքն՝ օրենքով փոխվարչապետերից մեկին է տրվում լիազորությունները վարչապետի բացակայության դեպքում, բայց ոչ թե ասվում, թե առաջին փոխվարչապետը մյուսից գերակա դիրք ունի: Մարուքյանին, սակայն, նման բացատրություն չգոհացրեց, հակառակը՝ հիմք տվեց համեմատական անցկացնել. «Սա նույնն է, թե սահմանվի օրենքով, որ պատգամավորի տեղակալը նրա բացակայության ժամանակ ընդունում է քաղաքացիներին և օրենքներ է գրում»,- ասաց պատգամավորը:


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը իր հերթին հայտարարեց, որ նախագիծը կարևոր է և բխում է սահմանադրական բարեփոխումներից, իսկ ինչ մնում է բանավեճին, ապա այն միանգամայն բնական է:


«Անվտանգության խորհուրդը, ի տարբերություն օրենսդիր և գործադիր մարմինների, ունի այլ ֆունկցիա՝ միայն խորհրդատվական մարմին է: Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական համակարգին, որտեղ գործադիր իշխանության տարանջատումը հստակ է դառնում. գործադիր իշխանությունն իր ֆունկցիան ունի, օրենսդիրը՝ իր, և երբ ասում են՝ ինչո՞ւ ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը Անվտանգության խորհրդի անդամ չեն՝ կներեք, բայց դա որևէ քննադատության չի դիմանում»,- ասաց նա:


Ըստ նրա՝  ժողովրդավարության հիմքերի հիմքը իշխանությունների տարանջատման սկզբունքն է: Հետևաբար օրենսդիր իշխանության գործառույթը չէ մտնել գործադիր կամ դատական իշխանության ուղղակի գործողության ոլորտ:


Հիշեցնենք, համաձայն նախագծի, Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ: