24.11.2024
Քաղաքագետ. ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի ռուս–ադրբեջանական ռազմական համագործակցության վրա
prev Նախորդ նորություն

Նժդեհի արձանի հեռացման Մարկովի պահանջին Երեւանում պատասխանում են թույլ թրոլինգով

Ելք դաշինքի անդամ, Երեւանի ավագանու համանուն քաղաքական միավորի խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Change.org հարթակում ստորագրահավաք է սկսել Մոսկվայի Կրեմլի հրապարակի դամբարանում գտնվող Վլադիմիր Իլյիչ Լենինի մարմինը հողին հանձնելու կապակցությամբ:


«Ավելի քան մեկ դար առաջ մահացած մարդու մարմինը հողին հանձնելը ճիշտ է էթիկական, մարդկային ու քրիստոնեական նկատառումներով»,- ասված է կայքում հրապարակված պետիցիայի տեքստում: Նշվում է նաեւ, որ Լենինի մարմնի պահպանման համար պետությունը տարեկան ծախսում է շուրջ 13 մլն ռուբլի: «Մարմնի պահպանումն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ, քանի որ ամրապնդում է անհատի պաշտամունքը եւ ընդհանրապես ազդում երկրի հեղինակության վրա»,- ասված է հրապարակված տեքստում:


Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսաստանցի հանրային գործիչներ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը եւ իրենց գաղափարակիցները հայտարարել էին, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր, ըստ նրանց, կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ, չնայած որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։


Միջոցառմանը խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցները մատնանշել են, որ դրանում կա նաեւ Երեւանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։ Նրանք պահանջում են հեռացնել Երեւանում տեղադրված Նժդեհի արձանը, ինչը բուռն հակազդեցություն առաջացրեց իշխող ՀՀԿ-ում:


Ելք դաշինքի ներկայացուցիչը չի նշում, թե ինչու հենց հիմա է նման նախաձեռնությամբ հանդես գալիս, սակայն եթե այս նախաձեռնությունը պատասխան է Ռուսաստանում տարբեր մարգինալ շրջանակների՝ Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի հեռացման պահանջին, ապա պետք է նշել, որ սա բավականին թույլ ակցիա է: Այն անգամ լուրջ «թրոլինգի» մակարդակի «չի ձգում»:


Բացի այդ, պետիցիան ռուսերեն լեզվով նախաձեռնած անձն ակնհայտ խնդիրներ ունի հենց ռուսերենի հետ: Երեք նախադասությունից բաղկացած տեքստում չորս ուղղագրական սխալ է արվել: Իսկ տեքստը ուղղված է, ոչ ավել ոչ պակաս, ՌԴ Պետդումային եւ նախագահին, որի սքրինշոթը ներկայացնում ենք՝ սխալների ուղղմամբ:



Նշենք, որ Ռուսաստանի հանրային քաղաքական շրջանակներում մինչեւ օրս համաձայնություն չկա Լենինի մարմնի հուղարկավորման հետ կապված: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինի նկատմամբ կոմունիստների վերաբերմունքը համեմատել է քրիստոնեության սրբերի նկատմամբ պատկառանքի հետ:


«Լենինը դրվել է դամբարանում: Ինչո՞վ է նա տարբերվում սրբերի մասունքներից: Ուղղափառների կամ պարզապես քրիտոնյաների համար։ Երբ ինձ ասում են, թե քրիստոնեական աշխարհում նման ավանդույթ չկա, ինչպես չկա՞: Գնացե՛ք Աթոս, նայե՛ք: Այնտեղ սրբերի մասունքներ կան, եւ մենք այստեղ՝ Վալաամում, Սերգեյի եւ Հերմանի սուրբ մասունքներն ունենք: Փաստորեն, ոչ մի նոր բան այն ժամանակվա իշխանությունը չի մտածել: Այն իր գաղափարախոսության ներքո արել է այն, ինչ մարդիկ վաղուց հայտնաբերել էին»,- ասել էր Ռուսաստանի նախագահը:


Հ.Գ. Նման որակի տեքստը, եթե անգամ նամակի տեսքով ներկայացվեր ՌԴ նախագահի ու Պետդումայի աշխատակազմերին, մինչեւ անգամ պահակակետերից այն կողմ չէր անցնի: Տեքստի որակը կաղում է երկու ոտքից: