Աշխարհը շարունակելու է աջակցել Արցախին՝ ի հեճուկս Ադրբեջանում խորացող խավարի. Ֆարմանյան
Երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը ժողովրդավարության այս օջախում պետք է լսվի ավելի բարձր: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության պատմությանը՝ նշելով, որ այդ պատմության զանգվածային խեղաթյուրման Ադրբեջանի պետական քաղաքականության անարդյունավետ փորձերը, ինչպես նաև սեփական անցյալը իրականության մեջ՝ մեկ դարի պատմություն ունեցող անցյալը «վերագտնելու» ջանքերը խարսխված են հակահայկական ատելության պլատֆորմի վրա:
«Եվրոպական խորհրդարանի 1989 թ. հունվարի 12-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղն անվանում է մի տարածաշրջան, որը «Ստալինի կողմից կամայականորեն կցվել է Ադրբեջանին»: Նույն տարվա հունվարին ընդունված մեկ այլ բանաձևում Եվրոպական խորհրդարանը եզրակացնում է. «այժմ տեղի ունեցող հակամարտությունը մեծապես արդյունք է Լենինի կողմից Անդրկովկասի տարածքի բաժանման, մասնավորապես 1923 թ. Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման»: 1994 թ. նոյեմբերի 10-ին ընդունված բանաձևում մեր կառույցը՝ ԵԽԽՎ-ն, կոչ է անում Ադրբեջանին՝ «անմիջապես վերջ դնելու Հայաստանի շրջափակմանը»: 1992 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված որոշմամբ, Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը եզրակացնում է. «Միացալ նահանգների կողմից չի կարող աջակցություն տրամադրվել Ադրբեջանին, քանի դեռ Ադրբեջանի իշխանութունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի շրջափակումը և ուժի բոլոր հնարավոր կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»»,- հիշեցրել է Ֆարմանյանը:
Նրա խոսքով, միջազգային տարբեր կազմակերպությունների ու ազգային խորհրդարանների, աշխարհահռչակ մտավորականների և Եվրոպայով մեկ ծավալվող ժողովրդավարական շարժումների ծագող առաջնորդների հարյուրավոր հայտարարություններ ու բանաձևեր, ինչպես նաև համաշխարհային առաջատար մամուլում տպագրվող հազարավոր հրապարակումներ գալիս են ապացուցելու 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ժողովրդավարական աշխարհի ընդգրկուն համակրանքն ու աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներին՝ ըմբոշխնելու իր ազատությունն ու անկախությունը:
«Ուրախությամբ և երախտապարտությամբ պետք է արձանագրել, որ այդ հսկայական աջակցությունը շարունակվում է նաև այսօր, վստահաբար շարունակվելու է նաև վաղը՝ ի հեճուկս Ադրբեջանում շարունակվող ժողովրդավարության մղձավանջի և խորացող խավարի»,- հավելել է նա: