25.11.2024
Եվրոպան պետք է Արցախի քաղաքացիներին դարձնի կրթական գործընթացների մասնակից. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Բաքուն ցանկանում է պահել լարվածությունն առաջնագծում, բայց քիչ ծախս կատարել․ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հավաստիացնում է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանությունն այսօր տարածաշրջանում լավագույնն է: ՀՀ-ն ունի միավորված ՀՕՊ համակարգ Ռուսաստանի հետ, որը էականորեն բարձրացնում է հայկական կողմի կարողությունները եւ ընդլայնում օդային պաշտպանված ծածկույթի սահմանները։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ:


Նրա խոսքով՝ Հայաստանն ավելի շուտ և ճիշտ ձևով է սկսել բանակաշինությունը, և հայ սպաներն ավելի պատրաստված են:


«Դեռ 26 տարի առաջ, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, մեր հարևան պետություն Ադրբեջանը ավելի շատ զենք ու զինամթերք ուներ, բայց մեր ճիշտ քաղաքականության արդյունքում մեզ հաջողվեց զենք-զինամթերքի բալանս ապահովել։ Երբ մենք մտանք ՀԱՊԿ, ստորագրեցինք հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ պայմանագիր, կարողացանք ստանալ զենք-զինամթերք, որը լիովին ապահովեց մեր մարտական գործողությունները։ Այն ժամանակ մենք ձևավորեցինք մեր ռազմական ուսումնական հաստատությունը, Ռուսաստանում սկսեցինք պատրաստել մասնագետներ, և մինչ այսօր այնտեղ անվճար պատրաստվել է մոտ 4000 սպա։ Այն զենքը, որ հիմա ստանում ենք ՌԴ-ից, կամ անվճար է, կամ ավելի էժան, քան ստանում է Ադրբեջանը։ Օրինակ՝ տանկի 1 արկի արժեքը 6 հազար 9 հարյուր դոլար է և, եթե այդ ճանապարհով չգնայինք, մեր բյուջեի վրա մեծ ծանրություն կլիներ»,- նշեց Հարությունյանը։


Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում և չի կարող գնալ լայնածավալ պատերազմի, քանի որ այսօր գոյություն ունի ռազմաքաղաքական բալանս, ինչն արգելակում է Ադրբեջանին։ «Մեր հակաօդային պաշտպանությունն այսօր տարածաշրջանում լավագույնն է։ Մեր ներքին ռեսուրսն օգտագործելով՝ պահպանում ենք այդ բալանսը»,-ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։


Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ նա շեշտեց, որ այդ ժամանակ հայտնաբերվեցին տարբեր բացթողումներ հայկական բանակում:


«2016 թվականից մինչ այսօր բանակում կատարվել են լրջագույն աշխատանքներ. Շփման գծում տեղադրվել են հետախուզական համակարգեր, որոնք 5-8 կմ խորությամբ «տեսնում են» Ադրբեջանի տարածքը, դրա համար այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմադիվերսիոն գործողությունները կտրուկ նվազել են։ Հիմա մեր բանակում շատ մեծ ուշադրություն են դարձնում տեխնիկայի արտադրությանը։ Արտադրում ենք ԱԹՍ-ներ և, իհարկե, մեր արտադրածն իսրայելականից ավելի թույլ է, բայց ավելի էժան գնով ենք արտադրում ու կարող ենք արդյունավետ դիմադրել այդ գործողություններին»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը։


Նրա խոսքով, Բաքուն շարունակելու է լարված պահել իրաավիճակը առաջնագծում, սակայն օգտագործելով ոչ թանկարժեք զինտեխնիկա։ «Թանկարժեք զինտեխնիկան կարող է ոչնչացվել, իսկ վերջին անգամ հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ ինքնաշեն անօդաչու սարքի օգտագործման փաստը դրա մասին է վկայում», - նշում է նա։


ՊՆ նախկին նախարարն ընդգծեց, որ հիմա բանակում սոցիալական հարցերին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան նախկինում, ինչը, նրա կարծիքով, շատ կարևոր է։ Ամփոփելով՝ նա ասաց, որ 26 տարվա ընթացքում Հայաստանը ճանապարհ է անցել, ունեցել հաղթանակ՝ շնորհիվ եղած հնարավորությունների ճիշտ օգտագործման: