25.11.2024
Կրակովից հետո․ միջնորդները կայցելեն Երեւան եւ Բաքու դիրքորոշումներ ճշտելու համար․ Պոպով
prev Նախորդ նորություն

Եվրոպան պետք է Արցախի քաղաքացիներին դարձնի կրթական գործընթացների մասնակից. Զոհրաբյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը առաջարկել է վեհաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի և լուծումներ կառաջարկի չճանաչված պետությունների քաղաքացիներին եվրոպական կրթական ծրագրերում ներգրավելու և կրթական գործընթացին մասնակից դարձնելու համար: Այս մասին նա հայտարարել է այսօրվա իր ելույթում:


«Եվրոպայում չպետք է լինեն սեւ խոռոչներ։ Դեռեւս 1960 թվականին UNESCO-ն ընդունել է կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, ինչը հստակ արձանագրում է, որ քաղաքացին ունի կրթության անբեկանելի իրավունք` անկախ նրանից, թե որտեղ է բնակվում»,- հայտարարել է նա։


Նաիրա Զոհրաբյանը կարևորել է չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքը՝ որպես մարդու իրավունքների անքակտելի մաս: Մինչդեռ այսօր լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների քաղաքացիները զրկված են եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և դուրս են եվրոպական կրթական տարածքից։ Ըստ այդմ, հայ պատվիրակը Վեհաժողովին կոչ է արել անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կրթական որակավորումը ճանաչելու խնդրին, ինչը մարդու իրավունքների գերակա պահանջ է.


«Այսօր, սակայն, Լեռնային Ղարաբաղում ապրող ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից, զրկված են եվրոպական միացյալ կրթական տարածքին ինտեգրվելուց։ Մինչդեռ, մեր այս ամբիոնից քանի հազար անգամ է հնչել, որ Եվրոպայում չպետք է լինեն սեւ խոռոչներ եւ որ չճանաչված պետությունների քաղաքացիները ունեն նույն այն իրավունքները, ինչը ունի մեզանից յուրաքանչյուրը»,- ասել է նա ու տեղեկացրել, որ Արցախում այսօր գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար իրենց երկրի սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ, ինչպես, օրինակ, կրթական ավարտական վկայականների չճանաչվածությունն է, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Արցախի բուհերում սովորող հազարավոր ուսանողների համար։ Բացի դա` Արցախի ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, եւ չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված որեւէ ծրագրից:


«Մեկ բան հստակ է ` անկախ պետության կարգավիճակից, եվրոպական հանրությունը պատասխանատվություն է կրում Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման եւ իրացման համար։ Դա մեր եւ ձեր իմպերատիվ պարտականությունն է, անկախ նրանից, թե այստեղ նստածներից ով է դեմ այդ իրավունքին։ Ուստի, առաջարկում եմ մեր Վեհաժողովին ստեղծել աշխատանքային խումբ` չճանաչված պետությունների բնակչությանը կրթական ծրագրերում ներգրավելու և կրթական գործընթացին մասնակից դարձնելու հարցի լուծման արդյունավետ ուղիներ գտնելու համար»,- իր խոսքը հավելել է Զոհրաբյանը: