Ադրբեջանում բանտարկության ժամանակ իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ատամնաբույժի կարիք է զգացել, նրա ատամները բուժել են առանց ցավազրկող միջոցների։ Հայաստանի համար լրտեսություն անողներին բուժում են առանց անզգայացման։ Այս մասին ադրբեջանական Turan TV հեռուստաալիքին Բաքվի բանտում անցկացրած օրերի մաին պատմել է Ալեքսանդր Լապշինը։
Նա հավելել, որ բժշկական սպասարկումը, ընդհանուր առմամբ, տանելի էր եւ նշել․ «Փա՛ռք Աստծո, լուրջ հիվանդություն այդ ընթացքում չունեցա»։ «Ունեի ատամների հետ կապված խնդիր, ինձ տարան բժշկի մոտ։ Ատամներս բուժում էին առանց անզգայացնող միջոցների», - պատմել է նա եւ մեջբերել բժշկի հեգնական բացատրությունը․ «ՀՀ-ի համար լրտեսություն անողներին անզգայացում չի հասնում»:
Խոսքերը Լապշինի համար շատ ցավալի ու տհաճ են եղել, մանավանդ, որ «ես ոչ մի լրտես էլ չեմ, և նման թեմաներով կատակները համարում եմ ոչ տեղին»։
Անցյալ տարվա հուլիսի 7-ին Ադրբեջանի դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Մեկ օր առաջ Լապշինը դատարանում հայտարարել էր, որ զղջում է իր արածի համար, ցավում, որ այցելել է Ղարաբաղ ու այդպիսով ցավ պատճառել դրա բնակիչներին, որոնք «կրում են օկուպացիայի զրկանքները»:
2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է:
Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզում էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:
ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքվին: