ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական զեկույցը` առանց հակահայկական ձևակերպումների. Հովհաննիսյան
Նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է ադրբեջանցի պատվիրակ Սեվինջ Ֆաթալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն այս կապակցությամբ հայտնել է, որ ամիսներ առաջ անդրադարձել էին բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Սակայն այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների:
«Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասմավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն»,-տեղեկացրել է Հովհաննիսյանը` հավելելով.
«Զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»: