25.11.2024
Ազգերի լիգայում ՀՀ ֆուտբոլի հավաքականը կմրցի Լիխտենշտեյնի, Ջիբրալթարի, Մակեդոնիայի դեմ
prev Նախորդ նորություն

«Իրավական կազուս». փաստաբանները շունչները պահել են՝ Դատական օրենսգիրքը մտնում է ուժի մեջ

Վաղը՝ հունվարի 25-ին ուժի մեջ է մտնում Դատական նոր օրենսգիրքը: Ի թիվս այլ փոփոխությունների, որ այն նախատեսում է, վաղվանից Երևանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության 7 դատարանները միավորվելու են մեկ մարմին` Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Այս հանգամանքը հատկապես անհանգստացնում է փաստաբաններին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը իրավիճակը բնութագրում է իբրև իրավական կազուս.

«Իրավական կազուս. ինչպես գիտենք վաղվանից՝ հունվարի 25-ից ստեղծվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ Երևանի վարչական շրջանների դատարանները լուծարվում են: Լուծարվող դատարանների նախագահները և դատավորները շարունակելու են պաշտոնավարել որպես նոր ստեղծվող դատարանի դատավորներ, սակայն ամեն դեպքում, համաձայն Սահմանադրության, ՀՀ նախագահը իր հրամանագրով պետք է դադարեցնի լուծարվող դատարանների նախագահների և դատավորների լիազորությունները և նշանակի նրանց որպես նոր ստեղծվող դատարանի դատավորներ: Մինչև հունվարի 25-ը Նախագահը դա չի կարող անել, քանի որ դե յուրե Երևանի դատարան դեռ գոյություն չունի, իսկ եթե գոյություն չունի, ուրեմն նշանակում լինել չի կարող:

Դատավորներ նշանակելու Նախագահի հրամանագիրը անհատական իրավական ակտ է և ուժի մեջ է մտնում դրա հասցեատերերի իրազեկման պահից, ինչից ելնելով պետք է ենթադրել, որ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը այդպիսի իրազեկում լինել չի կարող: Ինչպես նաև ենթադրում եմ, որ Նախագահը այդ հրամանագիրը կստորագրի հունվարի 25-ի առավոտյան՝ աշխատանքային օրվա սկզբին: Կարծես ընդամենը ձևականություն է, սակայն առկա է կազուս. հունվարի 25-ի ժամը 00.01-ից մինչև առնվազն առավոտյան ժամը 09.00-ն Երևանում դե յուրե դատավոր չի լինելու և եթե որևէ մի անձի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի ունենա այդ ժամերին, ապա դա կլինի ապօրինի կամ պարզ ասած՝ նա կարող է պահանջել իրեն ազատ արձակել այն հիմնավորմամբ, որ իրեն չեն բերել դատավորի մոտ (habeas corpus): Բացի այդ, այդ ժամերին չի կարող քննարկվել նաև որևէ օպերատիվ-հետախուզական միջոցառման թույլտվության միջնորդություն...»,- գրառել է նա իր facebook-յան էջում:


Թեմային անդրադարձել էր նաև հայաստանյան մամուլը: Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դատական համակարգում լուրջ պաշտոնակռիվ է սպասվում Երեւանի ընդհանուր իրավասության նոր դատարանի նախագահի աթոռի շուրջ: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ամեն ինչ անում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Ըստ թերթի՝ ենթադրվում է, որ նրան կնշանակեն դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հետո կհաստատեն այդ պաշտոնում: Սակայն երիտասարդ դատավորներն էլ այս պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Մինչ այդ Ռ. Վարդազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրեն այդ պաշտոնը ստանձնելու առաջարկ չի եղել: