25.11.2024
Նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակում
prev Նախորդ նորություն

Ինտեգրացիան սահմանափակում չունի. սա է ԵԱՏՄ և ԵՄ հետ համագործակցության բանաձևը.Հովհաննիսյան

Հայաստան-ԵՄ հարաբերություններում մեկնարկել է կարևոր փուլ: Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացում Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության մեջ՝ նոր հնարավորություններ ստեղծելով մեր գործընկերության հետագա ընդլայնման համար: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:


Նրա խոսքով, փաստաթղթի հիմքում ընկած է եվրոպական արժեքների ընդհանուր բազան` կայուն հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ: Այն կխորացնի ՀՀ-ԵՄ համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, ներդրումների ոլորտներում՝ ընդլայնելով  հասարակությունների մերձեցումը:


«Մենք նոր քաղաքական խթան ենք հաղորդում մեր ոլորտային համագործակցությանը, որտեղ վերջին 2 տարիների ընթացքում մենք գրանցել ենք զգալի հաջողություններ, և կենտրոնանում ենք ենթակառուցվածքային կապերի վրա: Մի շարք կենսական կարևոր հարցերի հետ մեկտեղ, համաձայնագիրը կոչ է անում միավորել ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և խթանել հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Ինչպես նշել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, սա միակ նման համաձայնագիրն է, որը կնքվել է ԵԱՏՄ անդամ երկրի ու ԵՄ միջև»,- ասել է նա:

Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, Հայաստանում մեծ նշանակություն են տալիս տարբեր ինտեգրացիոն նախագծերին: Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, երկխոսությունն ու փոխգործակցությունը առավել, քան երբևէ կարևոր է. «Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, մենք ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ ավելի մեծ մասշտաբի հետևանքներ: Հետևաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության և խաղաղության ապահովման համար:
Տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև համագործակցությունը կարող է մեծապես նպաստել ընդհանուր տարածության ձևավորմանը՝ առանց բաժանարար գծերի»,- ասել է նա:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը նաև շեշտել է, որ հայկական կողմի ամուր դիրքորոշումն այն է, որ մեկ ինտեգրացիոն համայնքում մասնակցությունը չի սահմանափակում այլ կառույցների հետ համագործակցության հնարավորությունը.


«Սա Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության և Եվրամիության հետ մեր համագործակցության մեր բանաձեւն է: Ինչպես նշում է Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրախորհրդարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի հանձնարարականում 2017 թվականի նոյեմբերի գագաթնաժողովի նախաշեմին` «Հայաստանի հետ «Համակողմանի և ընդլայնված գործընկերություն» համաձայնագիրը ծառայում է որպես օրինակ այն բանի, թե ինչպես կարող են գոյակցել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունը եւ մասնակցությունը ԵՄ հարևանության քաղաքականությանը»: Այսօր մենք հպարտ ենք, որ Հայաստանը հաջողել է այդ դիվերսիֆիկացիայում: Սա մեր հաջողության պատմությունն է»,- հավելել է նա: