Այստեղ ավելի լավ է, քան Շվեյցարիայում. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողը այցը Հայաստան
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Աննա Գրեբենկինան այցելել է Հայաստան և սիրահարվել մեր հեքիաթային երկրին: Նրա բնորոշմամբ, Հայաստանը երկիր է, որը հարմար է և ընկերական այցի, և ընտանեկան շրջագայության համար, որտեղից վերադառնում են անմոռանալի հիշողություններով:
Ըստ նրա՝ հնագույն երկիր կատարած ուղևորությունն անմոռանալի են դարձնում հեքիաթային վայրերը, տաք կլիման, տեղի խոհանոցն ու բարեսիրտ մարդիկ, որոնք խոսում ու հասկանում են ռուսերեն:
«Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում: Առաջին վայրը, որ ձմռանը Հայաստան եկած զբոսաշրջիկը պետք է այցելի, Ծաղկաձորն է: Հանգստի այս կենտրոնն ամենամեծն ու հայտնին է երկրում»,-նշվում է անդրադարձում:
Նրա խոսքով, որ այն իր հարմարություններով չի զիջում Շվեյցարիային, և ի տարբերություն այդ երկրի՝ գներն այստեղ ավելի մատչելի են:
Ծաղկաձորից բացի հեղինակը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին լինել Կովկասի գոհար համարվող Սևանալճում, Գառնի հեթանոսական տաճարում, քարանձավափոր Գեղարդի վանքում, Երևանի կոնյակի գործարանում, ինչպես նաև ուսումնասիրել Երևանի տեսարժան վայրերը՝ այդ թվում նաև «Մեգերյան կարպետ» գորգագործական ֆաբրիկան: Հեղինակը նկատում է, որ այստեղ գորգեր են պատրաստվում հոլիվուդյան աստղերի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
«Հայաստանը կարող է սիրահարեցնել իրեն: Յուրաքանչյուրը կկարողանա այնտեղ իրեն հոգեհարազատ բան գտնել՝ սահել ձյունապատ լանջերով, հիանալ լճի ու այն երիզող լեռների պատկերով, զմայլվել ճարտարապետական հուշարձաններով, ծանոթանալ հայկական ինքնատիպ խոհանոցին, վայելել բաց ու բարեսիրտ մարդկանց հետ շփումը»: