Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարական է տվել. խոսնակ
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս մասին տեղեկատվությունը արդեն հաստատել է նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:
«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,-ասել Վասակ Թարփոշյանը:
Հարցին՝ հրաժարականի դիմումը ե՞րբ է գրել, Վասակ Թարփոշյանը պատասխանեց. «Դա չեմ կարող ասել: Շարունակում է աշխատել, հանդիպում է ունեցել այսօր»: Մեր ճշտող հարցին՝ վարչապետը դեռ չի՞ ստարագրել նրա ազատման դիմումը, խոսնակը պատասխանեց. «Եթե նման բան լինի, կարծում եմ՝ պատշաճ ձեւով կտեղեկացնեն», գրում է Armtimes.com-ը:
Նրա հրաժարականի պատճառների մասին պաշտոնական բացատրություն դեռեւս չի տրվում, սակայն նրա հրաժարականի հեռանկարի մասին մամուլում բազմիցս գրվել է: Նշվում էր, որ հրաժարականի հավանականությունը պայմանավորված էր վերջինիս տեղակալ Հայկ Հարությունյանի անձով: Հարությունյանը վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, որը նախարար դառնալու հավակնություններ ունի:
Աշոտ Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին: