Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին. Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությունից
Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին և Թուրքիայի խորհրդարանը չի կարող պատմական դեպքերի վերաբերյալ որևէ որոշում կայացնել: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն նման հայտարարություն արել է Կանադայում, որտեղ նա գտնվում է Կորեական թերակղզում տիրող իրավիճակի քննարկման նպատակով 20 երկրների արտգործնախարարների մակարդակով կազմակերպված հանդիպմանը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն իր ելույթում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
Նա ասել է, որ Թուրքիայի Հանրապետության խորհրդարանը ոչ ոքի պատմության մասին որոշումներ չի կայացնում:
«Չենք էլ կարող կայացնել նման որոշում: Ավելին՝ սկզբունքորեն դեմ ենք դրան: Պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Նման հարցերի շուրջ որոշումներ ընդունելու համար նաև անհրաժեշտ են համապատասխան դատական որոշումներ, որովհետև ցեղասպանությունն իրավական կատեգորիա է»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաեւ ընդունել է, որ Կանադայում կա ուժեղ հայկական լոբբի, որն ակտիվ գործունեություն է ծավալում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ։