Բաքուն ողջունել է Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Այս մասին գրում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:
«Ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փուլ առ փուլ լուծելու վերաբերյալ հայտարարությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել էր. «Կարծում եմ, որ այժմ կարեւոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվի: Դա կօգներ նաեւ անցնել քաղաքական կարգավորման»։
Նա ասել էր, որ հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել, եւ անհրաժեշտ է փուլային մոտեցում:
Հայաստանի ԱԳՆ-ից եւս արձագանքել էին Լավրովի հակամարտության թուլային կարգավորման մասին հայտարարությանը՝ նշելով, որ «խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ»: Սրա վերաբերյալ, ըստ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի, բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները:
Ավելացնենք նաեւ, որ հայկական կողմը փուլային կարգավորման մեկ եղանակ է տեսնում, այն է՝ առաջին փուլում Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին անցյալ տարի հայտարարել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռեւս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները եւ դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»,- հայտարարել էր նա՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ քաշելու Ադրբեջանի կրկնվող փորձերը: