23.11.2024
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովին
prev Նախորդ նորություն

Իրանական ընկերությունը կիրականացնի ՀՀ և Վրաստանի սահմանի նոր կամրջի շինարարությունը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում Իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը կիրականացնի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 15-ին տեղի է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարության պայմանագրի ստորագրումը։


Հայկական կողմից այն վավերացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իրանական կողմից՝ «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերության նախագահ Ալի Մուսավին։


Փաստաթղթի ստորագրմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։


«Այս մրցույթի հաղթանակը առաջին քայլը համարենք և հուսանք, որ իրանական ընկերությունները հետագայում ևս կմասնակցեն Հայաստանում իրականացվող նախագծերին, ներդրումային ծրագրերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածում նախատեսվող թունելների շինարարությանը»,- ասել է Վահան Մարտիրոսյանը։


Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։


Մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել են և անցել մրցութային հաջորդ փուլ: Գնահատման արդյուքում հաղթող է ճանաչվել իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը` 7.393.347.95 Եվրո (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկով: