Ուրուգվայի Մալդոնադո քաղաքում բացվել է Հայաստանի հրապարակ, տեղադրվել՝ հայ կնոջը քանդակ
Ուրուգվայի Պունտա դել Էստե նահանգի Մալդոնադո քաղաքում հունվարի 8–ին, բացվել է Հայաստանի Հանրապետության հրապարակ։ ՀՀ-ի անունով անվանակոչված հրապարակում տեղադրվել է իջևանցի քանդակագործ Գոռ Դավթյանի՝ հայ կնոջը ձոնված քանդակը:
Այս մասին տեղեկացնում է Մալդոնադոյի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջը, գրում է Սպուտիկը։
Հայաստանի հրապարակ բացելու ծրագիրը համատեղ իրականացրել են Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը և Մալդոնադոյի քաղաքապետարանը: Հրապարակի բացմանը ներկա են եղել Ուրուգվայի զբոսաշրջության նախարար ազգությամբ հայ Լիլիամ Քեչիչյանը, Պունտա դել Էստեի նահանգապետ Անդրես Ջաֆիֆը, Մալդոնադոյի քաղաքապետ Անդրես Անտիա Բերհենսը, Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչներ:
Հրապարակի անվանակոչումը օրենքով իրականացվել է 2015 թվականին՝ բավարարելով Հայաստանի նախկին պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի նախաձեռնությունը:
Հրապարակը բացվել է Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի առթիվ։
Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը իր խոսքում հատուկ նշել է Ուրուգվայի կարևոր դերը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու, նրանց համար 2–րդ հայրենիք դառնալու գործում։
«Հայ համայնքն ընտրել է այս դրախտային քաղաքը աշխարհից վերանալու, վերականգնվելու և Ցեղասպանությունից հետո նոր դեմքով աշխարհին ներկայանալու համար»,–ասել է Մկրտումյանը։
Հիշեցնենք, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունն է աշխարհում: