25.11.2024
Արևելագետ. Իրանում տեղի ունեցողը տարաբնույթ շարժումների միաձուլում է
prev Նախորդ նորություն

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են անձանց հետ, որոնք ղարաբաղյան հակամարտության հետևանքով պահվում են հակամարտության կողմերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:


Մասնավորապես, ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության լրատվության պատասխանատուն հայտնել է, որ անցած ամիս իրենք այցելել են ադրբեջանական կողմում պահվող անձանց: Նրանք մոնիթորինգի են ենթարկել պայմանները, որոնցում պահվում են այդ անձինք, ինչպես նաև ապահովում են նրանց կապը հարազատների հետ:


Համաձայն աղբյուրի, ներկայումս Ադրբեջանում պահվում է երկու գերի՝ Արսեն Բաղդասարյանն ու Զավեն Կարապետյանը, որոնց Բաքուն դիվերսանտ է որակել:


Մինչդեռ Զավեն Կարապետյանը, հիշեցնենք, քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի։ Իսկ Արսեն Բաղդասարյանն արդեն իսկ Ադրբեջանում դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 


Զավեն Կարապետյանն ադրբեջանական կողմում հայտնվել է 2017 թ-ի հունիսին: ՀՀ ՊՆ-ն այդ ժամանակ հայտարարեց, որ այդպիսի զինծառայող չկա, դիվերսիոն հարձակման մասին լուրն ապատեղեկատվություն է:
Ավելի ուշ ոստիկանությունը պարզեց, որ Զավեն Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում, եղել է մանկատան սան: 1994 թ տեղափոխվել է Վանաձոր և մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի տրամադրած տնակում, հետո վաճառել այն ու դարձել թափառաշրջիկ: Վերջին տարիներին Հայաստանի տարբեր վայրերում վարձատրության դիմաց զբաղվել է անասնապահությամբ: Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, ակնհայտ են եղել մտավոր թերություններ։


Զինծառայող Արսեն Բաղդասարյանը 2014 թ-ի դեկտեմբերի 26-ին է հայտնվել ադրբեջանական կողմում: Ընդ որում, Արսեն Բաղդասարյանի դեպքի վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե տվել է հակասական տեղեկատվություն:


Նախ և առաջ հայտարարվել է, որ նա դիվերսանտ է, ապա՝ Արսենն ինքնակամ է հատել սահմանը՝ չդիմանելով հայկական բանակում տիրող բարքերին: Անգամ նշվում էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ զինծառայողը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:


Ավելի ուշ, Ադրբեջանի ՊՆ-ն, այնուամենայնիվ, նախընտրել է Արսենին ներկայացնել որպես «դիվերսանտ»: Արսեն Բաղդասարյանի սահմանահատումը որակվել է որպես հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ ու նրա նկատմամբ հարուցվել է քրգործ:


Ինչ վերաբերում է հայկական կողմին, ՊԲ-ն սահմանահատման դեպքի օրը հայտարարել է, որ Արսեն Բաղդասրայանը, հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: