2018 թ-ին ընթացքում Թուրքիան պլանավորում է զինուժի սպառազինությունը համալրել ևս երկու միավոր A400M բեռնատար ինքնաթիռով, ինչպես նաև նույնպես երկու միավոր CH-47 Chinook խոշոր բեռնատար ուղղաթիռով:
Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, դրան զուգահեռ թուրքական բանակը պետք է ստանա 13 միավոր T-129 Atak հարվածային ուղղաթիռ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով երկրի ՊՆ-ից ստացած տեղեկությունը:
Հիշեցնենք, որ մինչ այս Թուրքիայի բանակին մատակարարվել է 5 միավոր A400M բեռնատար ինքնաթիռ, որոնցից 5-րդը թուրքական զինուժը ստացել է 2017 թ. հուլիսին:
Airbus ընկերության հետ բեռնատար ինքնաթիռների գնման մասին պայմանագիրը կնքվել է դեռևս 2003-ին, որի համաձայն՝ մինչև 2018-ը Թուրքիայի զինուժը պետք է ստանար 10 միավոր A400M ինքնաթիռ։ Ինչպես տեսնում ենք, պայմանագիրն առայժմ թերի է կատարվել, իսկ 2018 թ. նախատեսվում է միայն երկու միավոր ստանալ: Ըստ այդմ՝ Թուրքիան 2018 թ. լավագույն դեպքում կունենա նշված 10-ից 7-ը:
Airbus A400M-ը տուրբինապտուտակավոր 4 շարժիչով համալրված ռազմական բեռնատար ինքնաթիռ է: Արտադրողը՝ Airbus Space & Defense, մասնակցությամբ նաև՝ թուրքական TAI ընկերության։ Առաջին ինքնաթիռը ցուցադրվել է 2008 թ․ հունիսի 26-ին՝ Սևիլիայում։
Կրեյսերային արագությունը — 780 կմ/ժ
Զանգվածը — 76.500 կգ
Երկարությունը — 45 մ
Առաջին թռիչքը — 2009 թ․ դեկտեմբերի 19-ին
Թռիչքի հեռավորությունը — 3.298 կմ
Թևերի բացվածքը — 42 մ
Բեռնատարողությունը — մինչև 37 տոննա
Արժողությունը — մոտ 181 մլն ԱՄՆ դոլար (2010 թ․)
Ինչ վերաբերում է «Չինուք» ուղղաթիռներին, ապա դեռ 2006 թ. կնքված պայմանագրով Թուրքիան պետք է ստանար 4 միավոր: 2015-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովի ընթացքում որոշվել էր պատվիրել ևս 5 միավոր CH-47F: Առայժմ հստակ հայտնի չէ, թե թուրքական կողմը քանի նման ուղղաթիռ է ստացել:
Հավելենք, որ CH-47 Chinook ուղղաթիռներն արտադրվում են դեռևս 1960-ական թվականներից, սակայն նշված տեսակը ուղղաթիռների վերջին արդիականացումներից մեկն է և կարող է տեղափոխել 33-55 մարդ:
Ավելացնենք, որ Թուրքիայի բանակը ներկայում ունի թուրք-իտալական համատեղ արտադրության 27 միավոր Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ: