27.11.2024
Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը. ՍԱՊԾ
prev Նախորդ նորություն

Հայաստանը հույս ունի մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում. ԱԳՆ

ԵՄ–ի հետ նոր համաձայնագիրը մՀայաստանի անկյունաքարային փաստաթղթերից է, որը պետք է կյանքի կոչել: Այս մասին ԱԺ-ում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։


Վերջինս նշել է,  ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը լրացուցիչ կայունության և խաղաղության գործոն կարող է լինել տարածաշրջանում: Նա արձանագրել է, որ Եվրամիությունը ՀՀայաստանի բոլոր ոլորտներում ունի կարևոր դերակատարություն, սակայն քաղաքական համագործակցության կիզակետում է մեզ համար երկարատև և կայուն խաղաղության միջավայրի ստեղծումը։


ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հայտարարել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր մշտապես ասել է, որ Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից մեկն է: Եվրոպական միությունը նախ եւ առաջ արժեքների հանրություն է, որը Հայաստանը պաշտպանում ու կիսում է.


«Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է, եւ այդ գործընթացն անշրջելի է: Այս համաձայնագիրը մեզ հնարավորություն կտա նոր թափ հաղորդել մեր պետության եւ հասարակության արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերին: Այն կընդլայնի լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Հավատացած եմ, որ այս ուղղությամբ տարվող Հայաստանի եւ Եվրոպական միության մեր գործընկերների հաստատակամ քայլերը կհանգեցնեն մեր հասարակությունների առավել մերձեցմանը: Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը ԵՄ-Հայաստան համագործակցության այս նոր փուլում արդյունավետ աշխատելու համար»,- ասել է նա:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, Արա Բաբլոյանն ասել է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայուն զարգացման հասնելու հայկական կողմի ձգտումը եվրոպական գործընկերների հետ միասնական է: Եվ այս իմաստով կարեւոր է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպական միության հանձնառությունն աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին:


«Չնայած, որ Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա խաղաղ կարգավորման էությունը, միեւնույն է, դրա կարգավորումը հիմնված է միջազգային երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք ընկած են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի հայտարարությունների հիմքում: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս առումով, հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման անհնար է: Հայաստանը միշտ եղել եւ մնում է հավատարիմ խաղաղության ամրապնդման եւ կայուն զարգացման իր տեսլականին»,- հավելել է նա:


Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն էլ իր խոսքում նշել է, որ Հայաստանը հույս ունի մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում: