Մոսկվան հասկացել է և այլևս թույլ չի տա սպառազինության դիսբալանս տարածաշրջանում. Զատուլին
Մոսկվայում հասկացել են, որ Ադրբեջանին սպառազինելը անզգուշություն էր: Այս մասին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք ուղեգծում են ՌԴ արտաքին քաղաքականության ադրբեջանական կուրսը, հաշվի չեն առել Բաքվի ագրեսիվության մակարդակը և բազմաթիվ հայտարարություններ այն մասին, որ մտադիր են ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով.
«Այս գործոնները պետք է սթափեցնեին Ադրբեջանին սպառազինողներին: Երբեմն այդպես լինում է. մինչ մի գերատեսչությունը՝ ԱԳՆ-ն, զբաղված է հակամարտության կարգավորմամբ, մյուսը զբաղված է իր արտադրանքի սպառմամբ, տվյալ դեպքում՝ պաշտպանական: Բայց կարծում եմ, որ Ռուսաստանն արդեն արել է համապատասխան եզրահանգումներ, ժամանակակից զինտեխնիկա մատակարարելով Հայաստանին՝ նպատակ ունենալով պահպանել սպառազինության հավասարակշռությունը տարածաշրջանում»,- ասել է ռուս պատգամավորը:
Միևնույն ժամանակ Զատուլինը ափսոսանքով փաստել է, որ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը ստվերել է հայ-ռուսական բարեկամությունը և հատկապես սուր դա ուրվագծվեց անցած տարի ապրիլին՝ Արցախում էսկալացիայի ժամանակ:
«Մենք կոչ ենք անում մոռանալ այդ թեման, ինչպես, օրինակ, ժամանակին Ռուսաստանը մոռացավ որոշ ռուս գրողների և գործիչների արձանների ապամոնտաժումը ՀՀ-ում: Կարծում եմ եզրահանգումներ արվել են և ռուսական կողմը այլևս թույլ չի տա սպառազինության դիսբալանս տարածաշրջանում», —հավելել է նա: