«Հիզբոլլահ»-ի ղեկավարը մտադիր է Իսրայելի վրա կենտրոնանալ
Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Բեյրութում «Հիզբոլլահ» շարժման հանրահավաքին` բողոքելով Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման դեմ, հաղորդում է AP-ն:
Մասնակիցներին ուղղված տեսաուղերձով հանդես է եկել «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը, որի ելույթը էկրանի վրա ցուցադրվել է:
Նա հույս է հայտնել, որ այս «հիմար որոշումը» կնշանակի հրեական պետության «վերջի սկիզբը»:
Նասրալլահը հայտարարել է, որ «Հիզբոլլահը» գրեթե ավարտել է տարածաշրջանում ծայրահեղականների դեմ պայքարը, եւ այժմ «ամբողջ ժամանակը Երուսաղեմին եւ պաղեստինցիներին կտրամադրի»: «Մահ Իսրայելին», - ասել է Նասրալլահը` պաղեստինցիներին եւ տարածաշրջանի մյուս երկրներին կոչ անելով «միասնական ռազմավարություն» մշակել Թրամփի որոշմանը դիմակայելու համար: Նրա խոսքով՝ պաղեստինցիները եւ արաբ առաջնորդները պետք է դադարեցնեն բանակցությունները Իսրայելի հետ եւ կոչ անեն բոյկոտել հրեական պետությունը:
Ցուցարարները անցել են հարավային Բեյրութի փողոցներով՝ դրոշներ ծածանելով եւ պաղեստինցիների օգտին կարգախոսներ հնչեցնելով: