Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Կիեւում ձերբակալված Միխեիլ Սահակաշվիլիին տեղափոխել են դատարան: Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով քաղաքական գործիչին մամուլի խոսնակին:
Սահակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը հաստատել է այդ տեղեկատվությունը: «Այո, Միխեիլն արդեն դատարանում է, որը գտնվում է Կիեւում Կրեշատիկի վրա: Ես աշխատում եմ փաստաթղթերի հետ», - ասել է նա:
Դատարանում պետք է որոշվի Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոցը, որը ուկրաինական օրենսդրությամբ պետք է տեղի ունենա ձերբակալությունից հետո երեք օրվա ընթացքում: «Եթե դա տեղի չունենա, ապա քաղաքական գործչին անազատության մեջ պահելու հիմքեր չեն մնա», - նշում է գործակալությունը:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 8-ին: Նա մեղադրվում է հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ:
Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը չէր բացառել, որ Սահակաշվիլիին կարող են մեղադրանքներ առաջադրվել նաև այլ հոդվածներով:
Սահակաշվիլիի փաստաբանները Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ հայց է ներկայացրել: Նրանք պնդում են, որ անկախ այն հանգամանքից իրական են դատախազի ներկայացրած փաստերը, թե` ոչ, նա իրավունք չուներ հրապարակելու նախաքննական գաղտնիքը:
Ավելի վաղ գլխավոր դատախազ Լուցենկոն հրապարակել էր ձայնագրություն, որտեղ ենթադրաբար Սահակաշվիլին ու գործարար Սերգեյ Կուրչենկոն համաձայնության են գալիս` իշխանափոխություն անելու շուրջ, որը ֆինանսավորվելու է Կուրչենկոյի կողմից:
Վերջինս գտնվում է հետախուզման մեջ` պետական դավաճանության մեղադրանքով:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, արդեն հայտարարել է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի