Սեուլի բյուջեից պաշտոնապես գումար է հատկացվել Կիմ Չեն Ինին վերացնելու համար
Հարավային Կորեայի կառավարությունը դեկտեմբերի 6-ին պաշտոնապես 2018-ի պաշտպանական ոլորտի բյուջեում գումար է նախատեսել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ոչնչացման համար: Միջոցները կհատկացվեն Հյուսիսային Կորեայի ղեկավարության «գլխատման հատուկ ջոկատի» վարժեցմանը, որի ստեղծման մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 1-ին:
Ենթադրվում է, որ ջոկատը մարզվելու է ամերիկյան SEAL Team Six-ի ծրագրով, որին հաջողվեց ոչնչացնել Ուսամա բեն Լադենին: Մինչդեռ 1968-ին նմանատիպ հարավկորեական հատուկ ջոկատի ստեղծումը ողբերգական ավարտ ունեցավ, գրում է «Կոմերսանտը»:
Հատուկ ջոկատի սպառազինման և վարժեցման համար Հարավային Կորեայի ռազմական բյուջեով 340 մլն վոն կամ $310 000 է նախատեսված: Ջոկատը 1000 անդամ կունենա, որի խնդիրն է լինելու պատերազմի դեպքում գտնել և սպանել Կիմ Չեն Ինին և մյուս ղեկավարներին:
Հատկացված միջոցներով Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են գնել նաև մարտական անօդաչու սարքեր, հետախուզական դրոններ և հաստոցային նռնականետեր, ասել է աղբյուրը երկրի պաշտպանության նախարարությունում:
Նախարարությունը հայտնել է, որ ծախսերը հետագայում կաճեն՝ հանրագումարում մոտ ապագայում հասնելով 26 մլրդ վոնի՝ $24 մլն: