Էրդողանը խոսել է Լոզանի պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան այցից մի քանի ժամ առաջ հունական Skai հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը վերափոխման կարիք ունի:
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը արդեն հայտարարել է Էրդողանի հարցազրույցի հետ կապված «լուրջ մտահոգությունների մասին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լոզանի պայմանագրով, ի թիվս այլ հարցերի, սահմանվել են 2 երկրների միջեւ սահմանները, որոշվել են Էգեյան ծովում կղզիների վրա Հունաստանի իրավունքները:
«Երբ խոսում եմ վերափոխման մասին, մենք կարող ենք ամեն ինչ քննարկել՝ ալֆայից մինչեւ օմեգա: Հնարավոր է՝ Հունաստանին որոշ հարցեր զայրացնեն, բայց մենք կարող ենք նստել ու քննարկել»,- ասել է Էրդողանը՝ հստակեցնելով, որ քննարկումը չի վերաբերելու Հունաստանին, այլ ամբողջ տարածաշրջանին: Լոզանի պայմանագրով նաեւ որոշվել են Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի տարածքային սահմանները:
Թուրքիայի նախագահը չի պարզաբանել, թե ինչ փոփոխություններ է ձգտում կատարել, սակայն ասել է, որ որոշ կղզիների միջեւ հեռավորությունները «խնդրահարույց» են՝ հավելելով, որ 2 երկրների ջրային, օդային եւ ցամաքային շելֆի հարցերը «հեշտ» կլուծվեն:
Էրդողանի հայտարարությունները հակասում են Հունաստանի դիրքորոշմանը, որը 1923 թվականի Լոզանի պայմանագիրը երկկողմ հարաբերությունների անվիճարկելի հիմք է համարում: Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չորեքշաբթի երեկոյան հայտարարել էր, որ Էրդողանի հարցազրույցը «լուրջ մտահոգություններ եւ հարցեր է առաջացնում»: