26.11.2024
Ղազախստանը պատրաստվում է իր գազն արտահանել Ադրբեջանի տարածքով
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ-ին մատնանշել է, թե որքան կործանարար էր Ադրբեջանի պարտադրված դիրքորոշումը

Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտնագության ամրապնդման օգտին և շարունակաբար իր ներդրումն է բերել սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության մեխանիզմների վերակտիվացման շուրջ ծավալվող քննարկումներին: Այս մասին ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:


Նա հիշեցրել է, որ շուրջ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձևաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստռում, ասել է նա, Հայաստանը հույս ունի, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը:


«Ուրախ ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ինքնության հողի վրա իրականացվող բռնությունից ազգային և կրոնական խմբերի պաշտպանության թեման, հատկապես ԵԱՀԿ հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Հայաստանը առաջիններից էր, ով բարձրաձայնեց այս խնդիրը և աջակցեց այս ուղղությամբ ԵԱՀԿ հանձնառությունների ամրապնդմանը: Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին և խտրականությանը հակազդելու արդյունվետ միջոցների հետագա զարգացումը եղել է վերջերս ԵԱՀԿ նախագահության ու ԺՀՄԻԳ կազմակերպմամբ և Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ Երևանում կայացած բարձրաստիճան համաժողովի ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է նա:


Այնուհետ ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը: Ըստ նրա, այդ իրադարձության հետևանքներն առնչվում են ԵԱՀԿ բուն էությանը, որի նպատակն է խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրելու միջոցով` ի վնաս մյուսներին և ողջ կազմակերպության:


«Դա շատ բացասական նախադեպ ստեղծեց: Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլև Կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը: ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և Կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում: Առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ»,- շեշտել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանը վճռական է շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, և «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում այս առումով: