Վիեննայում կայացել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
Հանդիպմանը շարունակվեց մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։
Այնուհետ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։