Այս տարի ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 56 զինծառայող
«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 46 զինծառայող: 46 զինծառայողներից 29-ը ժամկետային զինծառայողներ են, 17-ը՝ պայմանագրային:
Արձանագրված մահվան դեպքերից 17-ը տեղի է ունեցել ՀՀ-ում, 29-ը՝ ԼՂ-ում: Իսկ եթե այս 46 դեպքին գումարվում են նաեւ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների զոհերը, ապա դեպքերի քանակը հատում է 56-ի շեմը:
Բանակի խնդիրներով զբաղվող «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի համար 56 դեպքը շատ է, բայց պատերազմական վիճակում գտնվող երկրի համար հասկանալի է:
«Ցավում եմ, որ 11 ամսվա մեջ 56 կորուստ ունենք, բայց քանի Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, մենք կունենանք նոր կորուստներ: Ես վախի զգացողություն ունեմ, որ գնալով զոհերի թիվը կաճի»,- «ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տիկին Խաչատրյանը»: