Մամեդյարովը հայտնել է Նալբանդյանի հետ առաջիկա հանդիպման օրն ու վայրը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Վիեննայում:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին նոյեմբերի 30-ին Բաքվում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը: Նա ասաց. «Նման հանդիպումների մասին նախօրոք հայտնում ենք»:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածել էր հայտարարություն, որի համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի Նախարարները համաձայնվել են հանդիպել այս տարվա դեկտեմբերին՝ Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարների խորհրդի նիստի ժամանակ։
«Համանախագահները այս հանդիպման օրակարգը կպատրաստեն, որը կներառի քաղաքական կարգավորման հիմնարար հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ հատուկ միջոցառումներ։
Հատուկ ուշադրությունը կդարձվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերջնական աշխատանքներին»,-նշված էր հայտարարության մեջ։