«Թբիլիսիի մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակներում Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավաձեն առաջին տեղակալ Իրակլի Մատկավայի հետ հանդիպել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:
Այս մասին տեղեկացնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, հայտնում է aliq.ge-ն:
«Զուրաբ Ալավիձեն հայաստանցի գործընկերոջը ծանոթացրել է տարբեր ոլորտներում նախատեսվող մասշտաբային ծրագրերին եւ խոսել վրաց-հայկական շինարարական կազմակերպությունների հաջող համագործակցության վերաբերյալ:
Հանդիպմանը կողմերը խոսել են երկու երկրների միջեւ առկա գործընկերային հարաբերությունների վերաբերյալ եւ քննարկվել է օրակարգային հարցեր: Ալավիձեն, Վրաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Վահան Մարտիրոսյանին՝ Բորջոմիի աղետի ժամանակ Հայաստանի ցուցաբերած օգնության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն հայտնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-29-ը Թբիլիսիում մասնակցել է «Թբիլիսի. գոտի եւ ճանապարհ» համաժողովին։
Երկօրյա համաժողովի ընթացքում տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում՝ նվիրված «Գոտի եւ ճանապարհ» թեմային: Անդրադարձ է եղել նաեւ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների, էլեկտրոնային առեւտրի, դրանում փոքր եւ միջին ձեռնարկությունների ներգրավման, թվային ենթակառուցվածքների եւ թվային տնտեսության զարգացման, ինտերնետի բնագավառում մշակվող քաղաքականությանը:
Տեղի են ունեցել նաեւ առանձին քննարկումներ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների դյուրացման եւ դրանց ծավալների աճի, բեռնափոխադրումների ոլորտում լոգիստիկ սխեմաների մշակման հարցերի շուրջ։
Համաժողովում ելույթով հանդես է եկել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Նախարար Վահան Մարտիրոսյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների եւ կազմակերպությունների տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսված եւ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:
«Թբիլիսի. գոտի եւ ճանապարհ» համաժողովին մասնակցում էին 1000-ից ավելի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտներ (տրանսպորտ, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, էներգետիկա) ներկայացնող գործարարներ եւ փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովը «Թբիլիսի. մետաքսյա ճանապարհ» համաժողովի ավանդական միջոցառումներից մեկն է։ Այն շարունակական հարթակ է տարածաշրջանում առեւտուրը զարգացնելուն ու խթանելուն ուղղված մի շարք հարցեր եւ թեմաներ քննարկելու համար: