25.11.2024
Իտալացի գրողն ադրբեջանական գազամուղի կառուցման սաբոտաժի կոչ է արել
prev Նախորդ նորություն

Բրյուսելից՝ Մոսկվա. ակտիվացել է ՀՀ արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը

Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո խորհրդարանական դիվանագիտության մակարդակով՝ սպասելիորեն ակտիվացավ ՀՀ արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը:


Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ մեկնեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որտեղ նա հանդիպեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ եւ մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին: Բնական է, որ ԱՊՀ ինտեգրացիոն հարթակի մաս կազմող ՀՀ ներկայացուցիչն այնտեղ անդրադարձած կլինի ՀՀ-ԵՄ նոր շրջանակային պայմանագրին, որին Ռուսաստանում ոչ միանշանակ են վերաբերում:


Նա ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով Երեւանում ընթացող խորհրդարանական լսումների «օրակարգն արհեստական» էր անվանել՝ կողմ արտահայտվելով եվրասիական վեկտորի խորացմանը: «Կարծում եմ մենք պետք է ոչ թե դադարեցնենք, այլ ակտիվացնենք ու խորացնենք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում: Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում», - ասել է նա:


Իսկ երեկ եւ այսօր Երեւանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությունը՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի գլխավորությամբ, որն ամենաբարձր մակարդակով հանդիպումներ է անցկացնում ՀՀ քաղաքական ղեկավարության հետ: Նրանց երեկ ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը: Այժմ էլ նրանք «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցի «Մեծ Հայք» սրահում իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ անցկացնում են կլոր սեղան քննարկում, որից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով:


Քննարկմանը մասնակցում են ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, այլեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Ռուսաստանի հետ աշխատանքի տարիներ փորձ ունեցող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ այլոք: Հարությունյանն այժմ նաեւ հանդիսանում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամ:


ՌԴ իշխող կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները Երեւանում աչքի ընկան բավականին հետաքրքիր հայտարարությամբ: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը ՀՀ-ի քաղաքականությունը գնահատել է «բավականին իմաստուն և կշռադատված», որը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը:


«Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ Հայաստանում իրականացվող բավականին իմաստուն և կշռադատված քաղաքականությունն այսօր թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը, որն ունի Հանրապետությունը: Նա ընդգծել է, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների և համագործակցության զարգացման «և՛, և՛»-ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական և իշխող քաղաքական ուժի մոտեցումները.,-ասված է նախագահականի հաղորդագրության մեջ: