Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Քիչ առաջ Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայացվեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ավելի վաղ դատախազը նրա համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում:
Նշենք, որ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման, Արմեն Պողոսյանը ատապարտվեց 2 տարվա ազատազրկման, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվի, դրա փոխարեն սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման և սահմանվեց փորձաշրջան` 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվի. փորձաշրջան սահմանվեց 2 տարի ժամկետով։ Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով` պատիժը պայմանականորեն չկիրառելով։
Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։ Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել այս տարվա մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: