25.11.2024
Հայացք Բաքվից. Ադրբեջանը չի կարող ինտեգրվել ռուսական նախագծերին
prev Նախորդ նորություն

Էկվադորն ու ԵԱՏՄ-ն խորացնում են հարաբերությունները. հայկական ընկերությունն առաջամարտիկն է

Էկվադորի Արտաքին առևտրի պալատի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջև նոյեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրվել է  տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱրմԷկ Թրեյդինգ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Վարդան Հարությունյանը:


Հարությունյանը, որը մասնակցել է համաձայնագրի ստորագրմանը հաջորդող միջոցառմանը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը հնարավոր է դարձել Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի և Էկվադորի կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ: Համաձայնագիրը, նրա համոզմամբ, կնպաստի առևտրային հարաբերությունների հաստատմանը:

«Կնքված պայմանագիրը վերաբերում է ԵՏՀ կազմում ընդգրկված հինգ երկրներին՝ Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին և Ռուսաստանի Դաշնությանը: Այն կսկսի գործել 2018 թվականի փետրվարից և նոր թափ կհաղորդի էկվադորական ապրանքների ներկրմանը դեպի ԵՏՀ կազմի երկրներ»,- ասաց մեր զրուցակիցը։


Վարդան Հարությունյանի խոսքով, այդ հինգ երկրներից հատկապես Հայաստանը արդեն իսկ ամուր առևտրային հարաբերություններ ունի Էկվադորի հետ՝ Հարությունյանի ԱրմԷկ Թրեյդինգ ՍՊԸ-ն մի քանի տարի է, ինչ Հայաստան է ներկրում բանան, ծաղիկ, կակաո և այլ ապրանքատեսակներ։ Համաձայնագիրը, ըստ նրա, կնպաստի նաև հետագայում ոչ միայն ընդլայնել էկվադորական ապրանքների ներկրման ծավալը, այլ նաև Հայաստանից դեպի Էկվադոր արտահանել հայկական ապրանքատեսակներ։


Ավելի վաղ VERELQ-ի հետ հարցազրույցում Հարությունյանը նշել էր, որ առևտրա-տնտեսական համագործակցությունը Էկվադորի հետ ձևավորվել է այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչը հնարավորություն տվեց «ArmEc Trading» ընկերությանը էկվադորական ապրանքները ներկայացնել ոչ միայն հայկական շուկայում, այլև Հայաստանը դարձնել միջնորդ օղակ ԵԱՏՄ շուկա էկվադորական բանանը և այլ ապրանքատեսակները արտահանելու համար: