Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի պատկերով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամականիշերի շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը:
Նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է: Վատիկանի պաշտոնական կայքում նշվում է, որ նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապ 2016 թվականի հունիսի 25-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ նա հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում Սրբազան Քահանայապետը գրել էր. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: