ՊՆ. ՀՀ պետական սահմանի միջդիրքային տարածքում հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայողի դիակ
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը:
Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:
Նշենք, որ Times.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն:
Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից դեպքի առնչությամբ դեռևս որևէ արձագանք չի եղել: Աղբյուրը չի բացառում, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձի կոծկել սեփական բանակում արդեն սովորություն դարձած սպանություններն ու զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունները:
«Սակայն հաշվի առնելով, որ տվյալ դեպքում սպանվել է մի քանի զինծառայող, չենք կարծում, որ Ադրբեջանական ՊՆ-ին հաջողվի երկար ժամանակով իր հանրությունից թաքցնել տեղի ունեցածը: Առաջիկայում կանրադառնանք դեպքի մանրամասներին ու կիրազեկենք տեղի ունեցածի առնչությամբ ստացվող յուրաքանչյուր նոր լուր»,- գրում է Times-ը: