VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսելում թեեւ մինչ օրս հուսով են, որ պաշտոնական Երեւանը ստորագրելու է Հայաստան-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը, բայց առանձին զրույցներում կասկած են հայտնում։ «Ժամանակ»-ի թղթակիցը Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ տեղեկացել է, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 17։00-ին Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ 8 երկիր դեռեւս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը: Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ վաղը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի: Սակայն հետագայում Եվրամիության պատասխանատուները սկսեցին անորոշ պատասխաններ տալ համաձայնագրի ստորագրման օրվա վերաբերյալ հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման պահվածքի պատճառն այն է, որ համաձայնագիրը չի ստորագրվի գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Իսկ պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, եւ այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել: ԵՄ պատասխանատուները փաստացի պետք է ընտրություն կատարեին համաձայնագրի ստորագրման օրը փոխելու եւ Ադրբեջանին Արեւելյան գործընկերության երկրների կազմից փաստացի դուրս թողնելու միջեւ:
Ի վերջո, որոշվել է, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա գագաթնաժողովի պաշտոնական արարողության ավարտից հետո: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով եւ տեղի ունենա նոյեմբերի 25-ին: Եթե, իհարկե, գագաթնաժողովը ինչ-ինչ պատճառներով չերկարի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարիչ-տնօրեն Համիդ Ռեզա Արաղին երեկ հյուրընկալվել է Հայաստանի կառավարությունում եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել նրա Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կարեն Կարապետյանն Իրան էր այցելել հոկտեմբերի սկզբին, սակայն թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ այցի ընթացքում, այդպես էլ մանրամասն կամ կոնկրետ հայտնի չէ առ այսօր: Միակ կոնկրետությունը, թերեւս, եղել է Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարման հարցում, որի վերաբերյալ խոսել է կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա հայտարարեց վարչապետի Իրան այցից հետո, որ Հայաստանը թուրքմենական եւ իրանական կողմերին առաջարկում է ապրանքով փակել Թուրքմենստանին Իրանի ունեցած պարտքը եւ դրա դիմաց գազ ստանալ Իրանի տարածքով:
Սա առայժմ միակ կոնկրետությունն է, որ հայտնի է Իրան կատարած այցից հետո, եւ հարց է առաջանում, թե արդյո՞ք հենց այդ պայմանավորվածության ընթացքի համար է Իրանի ազգային գազային ընկերության տնօրենը ժամանել Հայաստան ու հանդիպել վարչապետի հետ:
Կապի ու տրանսպորտի նախարար Մարտիրոսյանը հայտարարել էր, որ առաջիկայում գործարքի վերաբերյալ եռակողմ քննարկում է սպասվում Աշգաբադում: Սակայն այս դեպքում էլ հայտնի չէ եռակողմ քննարկման կոնկրետ ժամկետ, թեեւ հնարավոր է հենց այդ ժամկետը որոշելու համար էլ իրանցի պաշտոնյան ժամանել է Հայաստան: Մյուս կողմից՝ արդյո՞ք Հայաստանն ու Իրանը կարող են քննարկել գազային այլ հարցեր: Համենայնդեպս, մի հետաքրքիր հարց առկա է:
Հայաստանը դեռեւս Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ ստեղծեց «Էներգամպեքս» ընկերություն, որը 100 տոկոս պետական բաժնեմասով ըներություն է եւ ստեղծվել է Իրանից գազ գնելու ու երրորդ երկրի վաճառելու համար: Ամենայն հավանականությամբ երրորդ երկիր ասվածը Վրաստանն է, քանի որ հազիվ թե Հայաստանը տեխնիկական հնարավորություն ունի գազ վաճառել այլ երկրի, քանի որ Իրանից գազի գնումն ու երրորդ կողմին վաճառելը պետք է տեղի ունենա, այսպես ասած, փոխանակման սկզբունքով՝ «սվոպ» տարբերակով, մայրուղային գազատարի բացակայության պատճառով: Այնուհանդերձ, եթե ստեղծվել էր «Էնեգաիմպեքսը», ապա պետք է ենթադրել, որ կար որոշակի պայմանավորվածություն իրանական գազը սվոպ տարբերակով Վրաստան տեղափոխելու մասին: Սակայն այսօր այդ մասին խոսակցություն չկա: Ի՞նչն է պատճառը: Այստեղ, իհարկե, կա նաեւ չորրորդ կողմ՝ «Գազպրոմը», առանց որի սվոպ տարբերակը պարզապես չի գործի:
Եվ ուրեմն՝ չորս կողմերից հատկապես որի՞ պատճառով է, որ չի կայացել կամ այսպես ասած՝ չի հաստատվել Իրանից Վրաստան գազի տեղափոխումը Հայաստանի միջոցով: Եվ ընդհանրապես, այդ հարցը օրակարգո՞ւմ է, թե՞ այլեւս դուրս է օրակարգից: Այդ ամենով հանդերձ, սակայն, հայ-իրանական գազային քննարկման առանցքային հարց կարող է լինել նոր գազատարի կառուցումը, որը կունենա իրանական գազը Եվրոպա արտահանելու տեխնիկական հնարավորություն: Հայ-իրանական գազային գործակցության ոլորտում մնացյալ հարցերը պարզապես ենթահարցեր են, որոնք չունեն սկզբունքային որեւէ արժեք:
Օգոստոսին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե գազամուղի հարցը, իհարկե, միանգամայն ընդունելի է, եթե բխում է բոլոր կողմերի շահերից: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ հարցը փորձագիտական դիտարկումների դաշտում է: Արդյո՞ք հարցը մոտեցել է հայ-իրանական քաղաքական քննարկումների դաշտին, թե՞ դեռեւս այնտեղ է, որտեղ օգոստոսին էր»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 20 մլն դոլարի պարտքեր ունի: Պարտքատերերը փորձում են ստանալ այդ գումարը, բայց վերջինս պարտքի մարումը հետաձգելու համար շատ պրիմիտիվ հնարքի է դիմել՝ ասելով, որ 2018-ի ապրիլից հետո նշանակվելու է փոխվարչապետ: Սակայն նրանք, որոնք տեղյակ են, որ Արգամիչի ասածն իրականության հետ որեւէ աղերս չունի, փորձում են ստանալ գումարը՝ առաջնորդվելով «էս պահին» սկզբունքով, կամ տարբեր միջնորդների միջոցով»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ողողված էին ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ» վերլուծական հաղորդաշարի Հայաստանի մասին արված մեկնաբանություններով: Մասնավորապես, ՌԴ-ի ՊՆ-ին պատկանող այս հեռուստաալիքը խոսել էր նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին եւ միաժամանակ շեշտել, որ Հայաստանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ադամ է: Հաղորդավարուհին Հայաստանը, Գարեգին Նժդեհին եւ ՀՀԿ իշխող կուսակցության լոգոն ընդհանրացրել էր ֆաշիզմի հետ:
Նոյեմբերի 19-ին հեռարձակված «Կանխատեսումներ» վերլուծականի տեսանյութն արդեն նոյեմբերի 20-ի կեսօրին հեռացվել էր «Զվեզդա»-ի յութուբի պաշտոնական էջից: Հետաքրքիրն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի իշխանամետ եւ պետական ստատուս ունեցող լրատվամիջոցները «խայթում են» Հայաստանի իշխանություններին, ապա հեռացնում հրապարակումը:
Նման մի դեպք էլ տեղի ունեցավ 2017-ի սեպտեմբերին Պնախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի օրերին: Ռուսական РИА Новости-ում հրապարակված հոդվածը, որը վերնագրված էր «Չինաստան՝ զենքի համար. Հայաստանին քի՞չ են ռուսական «Սմերչերն» ու «Իսկանդերները», նվիրված էր Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցին, որում ՀՀ-ի չինական սպառազինությամբ հետաքրքրվելու մասին լուրերի ֆոնին հիշեցվում էր երկու տարի առաջ Հայաստանին տրամադրած 200 մլն դոլարի պաշտպանական ռուսական վարկի մասին: Այդ վարկով Հայաստանը ձեռք բերեց այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ», «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր եւ զրահամեքենաներ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի դրամական միջոցները տարեցտարի աճում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ պատգամավորն ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս, Mercedes-Benz E250 D մակնիշի մեկ ավտոմեքենա: Պատգամավորը մեկ ընկերությունում ունի 296 հազար 800 դրամի բաժնետոմս, իսկ մեկում էլ` 540 մլն դրամի բաժնեմաս: Նրա փոխառությունները տարեվերջին կազմել են մոտ 8 մլրդ դրամ, 144 հազար եվրո, 7 մլն 871 հազար դոլար:
Բացի այս՝ պատգամավորը հայտարարագրել է, որ ունի 20 մլն դրամի եւ 7 մլն 199 հազար դոլարի չափով դրամական միջոց: Որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական գերազանցում է 520 հազար դրամը: Բացի այս՝ նա մեկ ընկերությունից ստացել է 4 մլն դրամի չափով շահաբաժին: Պատգամավորը մոտ 6 մլն դոլարի չափով «նվեր» է ստացել: Տրված փոխառության դիմաց ստացել է 445 մլն դրամ եւ 7 հազար դոլար:
Ի դեպ, Արսենյանի տիկինը` Գայանե Մկրտչյանը, եւս խեղճ չէ դրամական միջոցներից, որոնք կազմել են 400 մլն դրամ: Նա մեկ ընկերությունից ստացել է 94.6 մլն դրամի շահաբաժին: Կրտսեր Արսենյանի` Վահագնի փոխառությունները անցած տարեվերջին կազմել են մոտ 154.5 մլն դրամ, 114 հազար եվրո: Փոխառություններից նա ստացել է ավելի քան 58 մլն դրամ, 35 հազար եվրո, 279 հազար եւ 150 հազար դոլար:
Այս պատկերը, թերեւս, պատահական չէ. Հայաստանում սոցիալական բեւեռացումը գնալով ավելի է խորանում, երբ հարուստները տարեցտարի ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում: Նշենք նաեւ, որ Աշոտ Արսենյանն իր 24-ամյա որդուն փորձում է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դարձնել Ջերմուկի քաղաքապետ՝ վերջնականապես իրենով անելով այդ քաղաքը: Ի դեպ, դատելով նրանց ունեցվածքից՝ այդ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու խնդիր Արսենյանները հաստատ չեն ունենա, եւ փողը կհոսի գետի նման»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակարարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԽԱՔ ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ անվավեր ճանաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին: Նման հայցով դատարան է դիմել նաեւ հաճար, լոբի եւ նման մթերք մատակարարող «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն: Թե ինչն է ստիպել ՊՆ-ին միակողմանի լուծարել այս ընկերությունների հետ պայմանագիրը, պարզ չէ: Բայց փաստ է, որ ՊՆ-ն հայտնվել է պատասխանողի կարգավիճակում. դատարանն ընդունել է հայցերը եւ քննելու է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նախագահը որոշել են ատեստացիա անցկացնել աշխատակազմում և ազատվել հին «բալաստից»: Երեկ ատեստացիայի մասին որոշումը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում: Ըստ այդմ՝ 3 տարի պետական ծառայություն իրականացրած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն: Արդյունքում ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի, և տարբեր եղանակներով ԱԺ խցկված ու ոչինչ չանող զանգվածը դուրս կմնա»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանը այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»,- երեկ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանը: «Մի կազմակերպություն չէ, որ այս տարի իր մտահոգությունն է հայտնել նոր պատերազմի վերսկսման մասին: Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ պատրաստվում են նոր պատերազմի, նրանց առիթ է պետք, պետք է լեգիտիմացում: Եվ Բրյուսելի հռչակագիրն անհրաժեշտ է Ալիեւին, որպեսզի լեգիտիմացնի դա, եւ այդ առումով՝ եւ՛ ԵՄ-ն եւ Հայաստանը պետք է շատ ուշադիր լինեն»,- ասել է նա: Նա նկատել է՝ ԵՄ-ի հայտնի մոտեցումը կա, որ հակամարտության կարգավորումը կապում են Մինսկի խմբի շրջանակների հետ. «Չեմ կարծում՝ գործը հասնի նրան, որ Ադրբեջանը վետո դնի, բայց նույնիսկ այս պայմաններում դեռ հայտնի չէ, թե որը կլինի կոմպրոմիսը: Հռչակագրի նշանակությունը պետք չէ թերագնահատել, եւ եվրոպական կողմը հիմարություն կանի, եթե այնպիսի զիջումների գնա, որ դա Ադրբեջանի համար իրականում պատերազմ սկսելու տեղեկանք լինի»:
«168 ժամ» թերթը գրում է. «Առանց անակնկալների ու սենսացիաների ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քառօրյա վոյաժը տարածաշրջան` Անթալիա-Բաքու-Երեւան երթուղով, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նվիրված էր հայ-ռուսական եւ ադրբեջանառուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, իսկ մեր աղբյուրների համաձայն՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որում առաջընթաց գրանցելու դիվանագիտական առաքելությամբ էլ տարածաշրջանում էր ռուս նախարարը:
«168 Ժամի» տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայն է կարգավորման գործընթացում առաջ շարժվել՝ թեկուզ ռուսական ծրագրով, այն առաջարկներով, որոնք Ռուսաստանն է ներկայացնում, որոնք ըստ էության քիչ են տարբերվում Մադրիդյան սկզբունքներից, ռուսական կողմից պահանջելով միայն երաշխիքներ, որ տարածքների վերադարձից հետո Ադրբեջանը հավակնություններ չի ունենա Ղարաբաղի վերաբերյալ, եւ այնտեղ, ըստ, այդ թվում՝ ռուսական պլանի, անկախության հանրաքվե պետք է իրականացվի Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից հետո: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեմ է այդ պլանի մի քանի կետերին, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը, ինչը ներկայումս Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին զուգահեռ բանակցությունների առարկան է, եւ որին դեմ չէ Արեւմուտքը»: