VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը Հունաստանից նամակ է ստացել, որտեղ առկա փաստերը դիվանագիտական սկանդալ կարող են հարուցել: Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման. «Վերջին օրերին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի քայլերի հետեւանքով սկանդալային իրավիճակ է հասունանում Հայաստան-Հունաստան միջպետական հարաբերություններում: Չարչօղլյանը քայլերի է դիմել, որը մեղմ ասած, անհարիր է նրան՝ որպես դեսպանի եւ ընդանրապես հեռու է դիվանագիտական նորմերից: Հարցն առաջացել է, երբ դեսպանը Հունաստանում ավանդականորեն ներկայություն ունեցող Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ) պարտադրել է ՌԱԿ-ի 96-րդ ամյակի առթիվ կազմակերպվող հանդիսության կապակցությամբ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքին, Աթենքի նախկին քաղաքապետ (2003-2006 թթ.), նախկին արտգործնախարար (2006-2009 թթ.), կուսակցության ներկայիս նախագահի քրոջը՝ Դորա Բակոյանիսին տրված հրավերը հետ վերցնել, վերջինիս ադրբեջանամետ եւ հակահայ անվանելով:
Դեսպանը համառորեն ճնշել է Ռամկավարներին՝ չեղարկելու արդեն իսկ շաբաթներ առաջ մամուլով հայտարարված Բակոյաննիսի հրավերն ու ներկայությունը, անհարմար դրության մեջ գցելով ՌԱԿ-ին: Միեւնույն ժամանակ սկանդալային եւ վտանգավոր ռիսկի է ենթարկել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները, մանավանդ որ, ըստ Հունաստանում անցկացված վերջին սոցհարցումների, «Նեո Դեմոկրատիա» կուսակցությունը մեծ տարբերությամբ շահելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ ձեւավորելու է կառավարություն: Դեսպանի գռեհիկ ճնշման տակ ՌԱԿ-ի Հունաստանի պատասխանատուները հետ են վերցրել իրենց հրավերը Դորա Բակոյանիսից, ինչը բացասական մթնոլորտի պատճառ է հանդիսացել երկու կուսակցություների միջեւ, որի արդյունքում «Նեո Դեմոկրատիա» կուսակցությունն ընդհանրապես չի մասնակցել ՌԱԿ-ի հանդիսությանը՝ հրավերի հետ վերցնելը համարելով անարգանք ուղղված ոչ միայն Բակոյանիսի, այլեւ ողջ կուսակցության հասցեին:
Առաջացած արտառոց նոր իրավիճակում, կարծես, ըմբռնելով իր սկանդալային ոտնձգության ծանրակշիռ լինելը, դեսպանը եւս «փախուստի էր դիմել» ՌԱԿ հանդիսությանը ներկա լինելուց: Նկատի ունենալով, որ սկանդալային այս հարցը հարուցելուց մի քանի օր առաջ դեսպան Չարչօղլյանն իր իսկ խնդրանքով հանդիպում էր ունեցել նույն «Նեո Դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Միոտակիսի հետ, մնում է հավատալ, որ ինչ-ինչ մղումերից ելնելով Չարչօղլյանը նպատակադրվել է վնաս հասցնել ՌԱԿ-«Նեո Դեմոկրատիա» հարաբերություններին, առանց հաշվի առնելու, որ դեսպանի հանգամանքով կատարված նման քայլը առաջին հերթին հարվածի տակ է դնում հայ-հունական միջպետական հարաբերությունները:
Մյուս կողմից, նկատի ունենալով նաեւ այն, որ դեսպանի քայլերին զուգահեռ, ՀՀ իշխանական կոալիցիային մասնակից ՀՅԴ Հունաստանի մասնաճյուղը եւս ՌԱԿ հանդիսությունը ձախողելու նպատակով տնետուն տեղի հայերին հորդորել է, որ չմասնակցեն ՌԱԿ-ի կողմից կազակերպվող «հակահայկական» հանդիսությանը, հարց է առաջանում՝ սկանդալային այս քայլը ձեռնարկվել է Երեւանի իշխանության գիտությամբ եւ թելադրանքո՞վ, թե՞ միայն տեղական նախաձեռնություն է:
Հարցական, որի պատասխանն ի հայտ կգա ինքնըստինքյան, երբ ականատես դառնանք, թե ապաշնորհ «դիվանագետի» նկատմամբ ինչն է խոսելու Երեւանում՝ թայֆայակա՞ն, թե՞ պետական շահը: Խորիմաստ է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի հետօրեին, սփյուռքի կազմակերպությունների նկատմամբ քաղաքական նախասիրություններով եւ նախապայմաններով, փաստորեն, հակապետական նման վերաբերմունքը, որը արմատից կացնահարում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Հատկանշական է նաեւ, որ ՌԱԿ հիմնադրման 96-րդ ամյակին նվիրված շքեղ հանդիսությունը կայացավ կիրակի՝ նոյեմբերի 12-ին, Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հանրահայտ հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում եւ, ի հեճուկս իրագործված բոլոր խանգարող հանգամանքների, մեծ աջակցություն ստացավ ժողովրդի կողմից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ի «Իգլայի» գործով դատական նիստին մեղադրող դատախազը պահանջեց պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Ամիսներ շարունակ ընթացող դատական նիստերի ընթացքում Սամվել Բաբայանի աջակիցներին դատարանում շատ հազվադեպ կարելի էր տեսնել: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակ»-ին ասաց, որ իրենք առայժմ չեն քննարկել մեղադրող դատախազի կողմից՝ Բաբայանի համար 7 տարվա ազատազրկում պահանջելու հարցը, հավելելով, որ երբ վճիռ հրապարակվի, իրենց գործողություններն այդ ժամանակ հստակ կլինեն։ Սամվել Բաբայանին թե՛ նախընտրական շրջանում և թե՛ հիմա քաղբանտարկյալ է համարում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը։ «Այս գործն ի սկզբանե «կարվել է» Սամվել Բաբայանի վրա»,- ասաց Հարությունյանը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ՝ Ռուսաստանը զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել նրանց հետ համատեղ: Չնայած այս ամենին, Թուրքիան ժամանակ առ ժամանակ փորձում է ստեղծել մի այնպիսի գործընթաց, որին դեմ են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համարյա թե բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը: Սակայն դժվարություն է առաջանում, երբ Էրդողանը փորձում է Պուտինի հետ բանակցություններում արծարծել ԼՂ հակամարտության հարցը՝ փորձելով միջամտել եւ Ադրբեջանի շահերն առաջ բերել: Սա հակասում է Ռուսաստանի հարավկովկասյան շահերին»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին, որը հաջորդում է Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը: Ըստ նրա՝ Սարգսյանի մոսկովյան այցը մասամբ է վերաբերելու ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Ինչպես փորձագիտական հանրության մի ստվար հատվածը, այնպես էլ՝ լեհ վերլուծաբանը գտնում է, որ Սարգսյան-Պուտին օրակարգի ամենաթույլ հարցը ներկայումս ՀՀ-ԵՄ հարաբերություններն են, քանի որ կա ԼՂ հակամարտության հարցը, որն այսօր քննարկվում է մի քանի շերտերում՝ լուրջ անհանգստության առիթ դառնալով նաեւ Ռուսաստանի համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները դեռեւս գարնանից մտմտացել են, թե ինչպես լուծեն Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված խնդիրը: Այն հանգամանքը, որ Վանաձորի ավագանին փոքրամասնությամբ նիստ գումարելով՝ ապօրինություն էր գործում, ի սկզբանե ակնհայտ է եղել, բայց մինչեւ ՍԴ-ի՝ անցած ուրբաթ կայացրած հայտնի որոշումը, խնդիրը պաշտոնական արձանագրում չի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որպես խնդրի լուծում դիտարկում են խոշորացման անվան տակ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնելը: Ենթադրվում է, որ առաջիկա երկու ամիսներին Վանաձորի խոշորացման օրենսդրական փաթեթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Օրենսդրական փոփոխությունից հետո Լոռու մարզպետարանն իրավունք կունենա Վանաձորում ավագանու ընտրություններ նշանակել: Այդպիսով՝ հնարավոր կլինի ՍԴ որոշումը եւս շրջանցել՝ ձեւացնելով, թե ընտրությունները ընդամենը խոշորացումով են պայմանավորված»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի երեք անշարժ գույք՝ երկու բնակարան ու մեկ հողամաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 9 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 775 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Սանթրոսյանը նախորդ տարվա փետրվարին ավելի քան 2 հազար ձայնի առավելությամբ վերընտրվել էր Դիլիջանի քաղաքապետի պաշտոնում: Նա Դիլիջանի քաղաքագլխի պաշտոնն է զբաղեցնում արդեն 12 տարի՝ սկսած 2005 թ.–ից, իսկ մինչ այդ աշխատել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դիլիջանի տարածքային հարկային տեսչությունում՝ պետի պաշտոնում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան և Հայաստան այցը չի կարելի համարել սովորական: Նշենք, որ Լավրովը հայտարարել է՝ այցելությունները նվիրված են Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: «Ռուսաստանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ, օգտագործում է ցանկացած՝ թեկուզ աննշան հնարավորություն, որպեսզի ցուցադրի իր ակտիվությունը առաջին հերթին Երևանին և Բաքվին: Առավել ևս, եթե խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար այդքան կարևոր տարեդարձերի մասին է, ապա այդ դեպքում արդեն սխալ կլինի Լավրովի այցն անվանել սովորական այցելություն: Ուստի կարծում եմ, որ հենց այս իրադարձությունն է նրա այցելության գլխավոր պատճառը: Չկան ինչ-որ թաքնված նպատակներ, խորամանկություններ կամ ինչ-որ «ճկուն դիվանագիտություն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ առաջիկայում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն, նրանից դժգոհությունը մեծացել է նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Բերդում նրա պաշտպանած թեկնածուն՝ Արծվաբերդի անտառտնտեսության պետը, պարտվեց գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին։ Չնայած ՀՀԿ-ն այս տարածքն ազատ էր թողել, սակայն մարզպետը սատարում էր «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանին, որի որդին՝ Կարենը, մարզպետի առաջին տեղակալն է։ Մարզպետը մարզում կորցրել է իր կշիռը, եւ մարզխորհրդի նիստերին ոչ բոլոր համայնքապետերն են ներկայանում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահները ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետեւից հետախուզումներ են հայտարարում: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ: Մասնավորապես զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները կաշառք տալու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել ՊՆ իրավասու պաշտոնատար անձի հետ, որպեսսզի իրենց գործը առաջ տանեն: Արդյունքում՝ նշված հանձնաժողովի կողմից տարբեր անձանց օգտին կայացվել են որոշումներ, եւ առանձնապես խոշոր չափի կաշառքներ են փոխանցվել հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանին: Նախաքննությամբ բացահայտվել է, որ մի դեպքում կաշառքը թողել են ավտոմեքենայի սրահում, մեկ այլ դեպքում՝ փոխանցել միջնորդի միջոցով: 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից մեկի՝ հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ. Հարությունյանի (ներկայումս՝ նախկին պետ) նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նկատենք, որ 2017 թվականի ընթացքում ՊՆ երկրորդ պաշտոնյայի նկատմամբ է, որ հետախուզում է հայտարարվում: 2017 թվականի ապրիլից հետախուզում է հայտարարվել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանի նկատմամբ, եւ 7 ամիս է անցել, սակայն նրան դեռ չեն գտել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` գեներալ Մանվելի մոտ «կյանքի նոր նպատակ» է առաջացել՝ ստեղծել կանանց կամավորական ջոկատ: Ու ողջ օրը նստած Վիգեն Սարգսյանի ականջին՝ փորձում է «էդ գործը» գլուխ բերել: Ասում են` գրեթե արդեն համոզել է Վ. Սարգսյանին: Որ Նազի՞կը (գեներալի կինը) ղեկավարի էդ ջոկը՝ հարցրինք մեր աղբյուրին: «Ոչ, որ Հայաստանում էլ Իսրայելի նման կանանց ուժեղ բատալիոն ըլնի»: Ի դեպ, նոյեմբերի երրորդ տասնօրյակում Մանվել Գիգորյանի գլխավորությամբ կտոնվի նրա ղեկավարած հինգերորդ բրիգադի 25-րդ տարեդարձը, որին կմասնակցի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը` Սերժ Սարգսյանը, նաեւ` Պնախարար Վիգեն Սարգսյանը։ Բոլորով կգնան Եռաբլուր, ապա Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիր` նշելու տոնը»: