24.11.2024
Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ. Վիգեն Սարգսյանը` օրենքի ընդունման մասին
prev Նախորդ նորություն

Գործադիրը հավանություն տվեց ընտանեկան բռնության կանխարգերլման մասին աղմկահարույց օրինագծին

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 16-ին նիստին դրական եզրակացություն տվեց օրակարգում ընդգրկված է ընտանեկան բռնեության կանխարգելման մասին աղմկահարույց օրենքի նախագիծը:


Նախագծը, որն ի սկզբան կրում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» անվանումը, այժմ արդեն անվանափովել է` դառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ: Նախագծի վերնագրի փոփոխությամբ, ինչպես նկատում է womennet.am-ը, պայմանավորված են նաև օրինագծի տեքստում արված այլ խմբագրումները, մասնավորապես, «ընտանեկան բռնության դեմ պայքար» եզրույթն այլևս չի գործածվում:


Ի՞նչ է առաջարկում օրենքի նախագիծը


Մասնավորապես նախագծի նոր տարբերակում սահմանվել է, թե ինչ է նշանակում անձին տնտեսական, հոգեբանական բռնության ենթարկելը:


Ըստ այդմ՝ «հոգեբանական բռնությունը հետևյալն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը»:


Իսկ տնտեսական բռնությունը սահմանվել է այսպես՝ «անձի հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ նրան իշխելու նպատակով վերջինիս գոյության համար անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականություն իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը»:


Նախագծերի փաթեթով, ըստ աղբյուրի, բռնության կանխարգելման նպատակին են ուղղված՝


ա) ընտանիքում բռնության պատճառների և պայմանների վերաբերյալ համակարգային հետազոտություններ կատարելու պահանջը.


բ) ընտանիքում բռնության կենտրոնացած հաշվառման պահանջը՝ ընդգրկելով ինչպես պաշտոնապես գրանցված, այնպես էլ ընտանիքում բռնության ենթարկվածների աջակցության հատուկ կառույցների կողմից հաղորդված, սակայն իրավապահների կողմից պաշտոնապես չգրանցված միջադեպերը.


գ) իրավապահ մարմինների, կրթական և բժշկական հաստատությունների, հատուկ կառույցների աշխատակիցներին պարբերաբար վերապատրաստելու պահանջը, ինչը կնպաստի նրանց կողմից ընտանիքում բռնության սպառնալիքի վաղ հայտնաբերմանը և կանխմանը.


դ) պաշտոնական նախազգուշացման պարագայում Ոստիկանության կողմից անմիջապես Աջակցության կենտրոնին տեղյակ պահելը, և վերջինիս կողմից ընտանիքում բռնության սպառնալիքի վաղ փուլում միջամտելու և ընտանիքին հոգեբանական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը.


ե) բռնարարի համար ալկոհոլամոլությունից, խաղամոլությունից, թմրամոլությունից և թունամոլությունից բուժում անցնելու և հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը, որն ուղղված է նրա սոցիալական վերականգնմանը.


զ) հանրության համար իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ անցացնելու, «թեժ գծով» անվճար խորհրդատվություն տրամադրելու պահանջը.


է) բռնարարներին պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու պահանջը:


«Ընտանիքում բռնության կանխարգելման տեսանկյունից հարկ է ընդգծել նաև նախագծով առաջարկվող` նախազգուշացման ինստիտուտը, որը կիրառվում է առաջին անգամ ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանիքում բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: Սա թույլ է տալիս վերոնշյալ անձանց վերցնել կանխարգելիչ հաշվառման և նրանց պարբերաբար այցելելու միջոցով կանխել բռնության նոր դրսևորումները», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:


Հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում


Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունը նշեց, որ վերջին տարիներին ընտանիքում բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում:
«Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն` 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանիքում բռնության 602 դեպք, 2016թ.՝ 756, 2015թ.` 784, 2014 թ.՝ 678, 2013թ.՝ 729, 2012թ.ին՝ 728 միջադեպ: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանիքում բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը», - հայտարարեց նա:


Նա ներկայացրեց նաեւ ընտանեկան բռնության շրջանակներում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների մասին որոշակի տվյալներ:


«2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից: Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ընտանիքում բռնությանը հատուկ է լատենտայնության բարձր մակարդակը, ինչը նշանակում է, որ ընտանիքում բռնության իրական պատկերն էլ ավելի մտահոգիչ է», - ասաց նա:


Մասնավորապես, օրինագծում հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ընտանիքում բռնությունն ավելի տարածված է (օրինակ՝ ԵԱՀԿ օժանդակությամբ «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվողների 59.6%-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանիքում բռնության, իսկ հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ 2010-2015 թվականների ընթացքում ընտանիքում բռնության արդյունքում սպանվել է 30 կին):


Նախագծով, նշեց Հարությունյանը, առաջարկվում է նախազգուշացման ինստիտուտ ստեղծել, որը կիրառվում է առաջին անգամ ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանիքում բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում:


«Սա թույլ է տալիս վերոնշյալ անձանց վերցնել կանխարգելիչ հաշվառման և նրանց պարբերաբար այցելելու միջոցով կանխել բռնության նոր դրսևորումները: Ընտանիքում բռնության ենթարկվածների պաշտպանության և սոցիալական աջակցության նպատակով Նախագծով սահմանվում է ապաստարաններ ստեղծելու կամ ապաստարանների գործունեությանն աջակցելու` պետության պարտականությունը: Ապաստարանների (ժամանակավոր օթևան) ստեղծման և դրանց գործունեության կարգն արդեն իսկ հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ», - նշեց Հարությունյանը:


Որքա՞ն ֆինանասավորում է նախատեսվում


Արդարադատության նախարարության կողմից ներկայացված տեղեկանքում նշվում է, որ օրենքների ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում: Մասնավորապես, ապաստարանների տարեկան գործարկման ծախսը կկազմի շուրջ 35,000,000 դրամ:


«Ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն» անվանմամբ ծրագրի իրականացման համար 2017 թվականին նախատեսվել է 17,456.25 հազ. դրամ (հանրապետության երեք մարզերում ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ստեղծման և գործարկման ծախսեր), իսկ 2018-2019 թվականներին՝ յուրաքանչյուր տարի 60,368.0 հազ. դրամ (Երևան քաղաքում և հանրապետության բոլոր 10 մարզերում ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների գործարկման ծախսեր): Ծախսերի որոշ մասը կհատուցվի Եվրամիության «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում: