25.11.2024
Պուտինը «խաղացնում է» Թրամփին. ԱՄՆ հետախուզության նախկին ղեկավարներ
prev Նախորդ նորություն

ՌԴ-Թուրքիա հարաբերությունները «գրեթե ամբողջ ծավալով» վերականգնվել են. Պուտին

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարելի է գրեթե ամբողջ ծավալով վերականգնված համարել: Այս մասին նեղ կազմով թուրք գործընկերոջ հետ հանդիպման սկզբում ասել է Պուտինը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


«Եթե նախորդ տարի մենք 34 տոկոսի առեւտրաշրջանառության կորուստ ենք ունեցել, ապա այս տարվա 8-9 ամսվա ընթացքում այն արդեն 38 տոկոսով աճել է: Գրեթե բոլոր ուղղություններով աշխատում ենք: Սիրիայի տարածաշրջանի անվտանգության ոլորտում շատ ակտիվ ենք աշխատում: Շատ ուրախ եմ օպերատիվ հնարավորության համար: Մեզ մոտ լավ պրակտիկա է ձեւավորվել՝ օպերատիվ քննարկել բոլոր հարցերը եւ գտնել դրանց լուծումները», - ասել է Պուտինը:


Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր զարգանում են։ «Մեր երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնումը մեզ հնարավորություն կտան ավելի լավ նայել դեպի ապագա։ Օր օրի մեր հարաբերություններն ավելի լավ են զարգանում քաղաքական, տնտեսական եւ առեւտրի ոլորտում»,– ասել է Էրդողանը։


Նա նշել է, որ երկու երկրների միջեւ ավելի հաճախ են շփումներ հաստատվում բարձր մակարդակով, եւ վստահություն է հայտնել, որ այս հանդիպումն արդյունավետ կընթանա։


Հիշեցնենք, որ մինչեւ Սոչի մեկնելն Էրդողանը Պուտինի հետ բանակացությունների եւ ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգի մասին մի քանի հայտարարություններ էր այել՝ այսպիսով նաեւ ընդգծելով առաջիկա հանդիպմանն Անկարային բանակցային դիրքերը: 


Էրդողանը նախ կոչ էր արել ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին դուրս բերել Սիրիայից իրենց զորքերը: Այնուհետեւ կողմ էր արտահայտվել, որպեսզի որքան հանարվոր է արագ իրականացնել ՌԴ-ի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը:


«Ս-400-ի առնչությամբ մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, փաստաթղթերը ստորագրված են։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, մենք դրանք կքննարկենք մեր, այդ թվում նաեւ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ իմ այցի շրջանակներում։ Ուզում ենք քայլեր ձեռնարկել, որ հնարավորինս շուտ այն կյանքի կոչվի»,- ասել է Էրդողանը։


Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան հանդես է գալիս Ռուաստանի հետ առևտրային հարաբերություններում պատժամիջոցների վերացման օգտին: Էրդողանը ցանկանում է վերադառնալ նախկին ռեժիմին, երբ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ գոյություն չուներ:


Հատկանշական է, որ նոյեմբերի 2-ին՝ Բաքու կատարած այցից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Պուտին հետ հանդիպմանը բարձրացնելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: «Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարբաղյան խնդրի վրա, այն շատ արագ կկարգավորվի»,- ասել էր Թուրքիայի նախագահը, ինչը մեծ աժիոտաժ առաջացրեց հայկական մամուլում: Հայտնի չէ, արդյոք երկու պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտությունը, սակայն հանդիպման արդյունքում ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Էրդողանը հրապարակայնորեն չանդրադարձան այս հիմնախնդրին:


Մինչեւ Սոչիում հանդիպումը ռուսաստանցի քաղաքագետ, ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի Ղարաբաղյան առաջարկներին, որոնք նա պատրաստվում էր ներկայացնել այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հայտարարել էր, որ «ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին»


«Ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին, սա չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը: ՀՀ նախագահը բոլոր ամբիոններից խոսում է Թուրքիայի նախապայմանների մասին՝ պնդելով, որ դրանք չեն ընդունվում, եւ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ուստի չեմ կարծում, որ սա աշխատող տարբերակ է»,- ասել էր ան «168 ժամի» հետ զրույցում: