Հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հետևանքով Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում խնդիրներ լինեն: Նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:
Միեւնույն ժամանակ նա վաստահ է, որ Հայաստանը, որպես միջազգային սուբյեկտ, պետք է զարգացնի իր հարաբերություններն աշխարհի շատ երկրների հետ: Թե ինչու է հիմա Իսրայելը որոշել իր հարաբերությունները զարգացնել Հայաստանի հետ, Արման Նավասարդյանն իր իսկ հնչեցրած հարցին պատասխանեց. "Այն համարվում է տարածաշրջանային գլխավոր դերակատարներից մեկը, և նրա հետ մեր հարաբերությունների զարգացումն ու խորացումը կարող է օգտակար լինել և՛ մեզ, և՛ նաև Իսրայելին":
«Որովհետև Իսրայելը չունի Հայաստանի հետ որևէ լուրջ հարաբերություն: Այն, ինչ որ կա, սազական չէ անգամ ամենափոքր երկրի համար»,- ասաց նա:
Զուտ քաղաքական առումով, Արման Նավասարդյանի խոսքով, կարևոր քայլ է Իսրայելի հետ ՀՀ-ի հարաբերությունները զարգացնելը: Ըստ նրա՝ Հայաստանն ու Իսրայելը պետք է շարունակեն զարգացնել իրենց հարաբերությունները նաև ինտեգրացիոն գործընթացներին միանալու ճանապարհով:
«Իսրայելն ունի շատ լուրջ ալյանսներ, որոնց մենք կարող ենք այս կամ այն կերպ հարել, որտեղ նույնպես մեր բարեկամ երկրներն են,- ասաց նա՝ նշելով, որ հայ-իսրայելական հարաբերությունների նոր փուլում անպայմանորեն պետք է լուծվի նաև դեսպանության հարցը,- ես համոզված եմ, որ Նալբանդյանի այցի ընթացում այդ կետին էլ կանդրադառնան, որովհետև միջպետական հարաբերությունները ունենալ, բայց չունենալ դեսպանատներ, նշանակում է՝ ամուսնանալ տարածության վրա»:
Հարցին՝ արդյոք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման համար խնդիր չեն ստեղծի Ադրբեջանի և Իսրայելի միջև եղած սերտ հարաբերությունները, հանդիպմանը ներկա Նորավանք գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը պատասխանեց, որ իրականում և՛ հայկական, և իսրայելական կողմերը ցանկանում են երկու երկրների հարաբերություններում ստեղծված վակուումը, որն արագ լցրեց Ադրբեջանը, վերացնել, գրում է tert.am-ը:
«Հայկական կողմը կարող է Իսրայելին շահագրգռել նաև տնտեսական առումով՝ մատնանշելով, որ ինքը ԵԱՏՄ անդամ է»,- ասաց նա:
Արման Նավասարդյանն այս հացին պատասխանեց հարցով. "Իսկ մենք Ադրբեջանին խանգարու՞մ ենք, որ իր հարաբերությունները զարգացնի Իրանի կամ թեկուզ հենց Իսրայելի հետ":
«Ուզում եմ՝ մի բան հասկանանք՝ սա մեր գործն է, մեր խնդիրն է,- ասաց նա՝ նկատելով, որ հայ-իսրայելական հարաբերություններն առավելապես վերաբերում են երկու կողմերին և ոչ երրորդ կողմերին,-և՛ Իսրայելը, և՛ Հայաստանը համարվում են Մերձավոր Արևելքի երկրներ, և այստեղ նրանք կարող են գտնել համագործակցության եզրեր»:
Արման Նավասարդյանի խոսքով՝ Իսրայելից Հայաստանը շատ բաներ ունի սովորելու. այն զարգացած երկիր է:
«Իսրայելը 600 000 բնակչությունից, շատ կարճ ժամանակամիջոցում՝ 48 թվականից հետո հասավ մինչև 7-8 միլիոնի: Սա պարզապես լավ առումով կարող ենք նախաձեռնել: Մենք նրանցից օրինակ կարող ենք վերցնել նաև բանակի շինարարության հարցով: Մենք էլ, նրանք էլ ունեն մեծ դիասպորալ հնարավորություններ: Ես համոզված եմ, որ եթե մենք զարգացնենք մեր հարաբերությունները, կարող ենք շատ լայն հորիզոններ ունենալ և՛ ԱՄՆ-ում, և՛ ՌԴ-ում, և՛ Մերձավոր Արևելքում, և՛ բոլոր երկրներում»,- ասաց նա: